
Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն փոխում է իր մոտեցումը հակառուսական պատժամիջոցների նկատմամբ

ԵՄ երկրները պատրաստվում են նոր մոտեցում որդեգրել և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ափոփելով Կոպենհագենում ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները։
«Մենք առաջարկել ենք պատժամիջոցների նոր մոտեցում։ Մենք այլևս պատժամիջոցներին չենք մոտենում աստիճանական քայլերով, այլ առաջարկում ենք շատ ավելի խիստ միջոցներ էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների և առևտրի ոլորտներում», – ասվում է ֆոն դեր Լայենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում։
Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ այդ մոտեցումն արդեն կիրառվում է պատժամիջոցներ19-րդ փաթեթը կազմելիս, որն այժմ քննարկման փուլում է։
Սեպտեմբերի 19-ին ֆոն դեր Լայենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի առաջարկները հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ։
Դրանք ներառում են, մասնավորապես, 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք, ինչպես նաև միջոցներ կրիպտոարժույթների և բանկերի նկատմամբ: