Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է հեռացնել Ալեն Սիմոնյանին․ մանրամասներ. 24News

24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ էր ներկա եղել։

«Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։

Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին»,– 24News-ին փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ։

Հայկ Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել է կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորում է փաստերով։

24News-ը կապ է հաստատել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, վերջինս ո´չ հերքել, ո´չ հաստատել է տեղեկությունը:

Նա խնդրել է լրագրողին բացահայտել աղբյուրը, թե ո՞վ է նման տեղեկատվություն տրամադրել: Լրագրողը թեմայի վերաբերյալ մանրամասներ է փոխանցել նրան, սակայն Սարգսյանն ասել է, որ այս պահին աշխատանք է իրականացնում, առաջիկայում վարչության ընտրություններ են և չի ուզում ավել բան ասել, բայց խոստացավ, որ ընտրություններից հետո անպայման կպատասխանի մեր բոլոր հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս