Բաժիններ՝

Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին դարձել է հայ համայնքի սեփականությունը

Մաստրիխտի Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցին որպես սեփականություն այսուհետ պատկանում է համայնքին։ Այս մասին տեղեկացնում է «Նիդեռլանդական օրագիր»-ը։

«Պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Մաստրիխտի նոտարական գրասենյակում, գլխավոր նոտար A.C.J. Huenges Wajer-ի և նոտարիս P.A.J.H. Van Oss-ի ներկայությամբ։ Հաստատման փաստաթուղթը ստորագրեցին համայնքի ատենապետ Լևոն Սարգսի և եկեղեցական ծխական խորհրդի ներկայացուցիչները։  Միջոցառմանը ներկա էին նաև հոգևորական քհն. Կորնելիս Շոլցը և ատենապետ Էդվին Հաեսենը, որոնց ներկայությունն ու ստորագրությունը պարտադիր էին ու կարևոր այս պատմական պահի նշանակության համար։

Սուրբ Կարապետ եկեղեցին, օծված դեռևս 2013 թվականի հունվարի 13-ին Նորվան Եպիսկոպոս Զաքարյանի ձեռամբ, ավելի քան տասնամյակ ծառայել է որպես հոգևոր և մշակութային կենտրոն՝ միավորելով Լիմբուրգի նահանգի հայերին։ Այսօր այն ոչ միայն հավատքի վայր է, այլև հայկական ինքնության ու համախմբվածության խորհրդանիշ։

Այս իրադարձությունը արդյունք է համայնքի անսահման նվիրումի, հավատքի և միասնականության։ Տարիներ շարունակ հայերը սեփական ուժերով պահպանել են եկեղեցին՝ այն դարձնելով աղոթքի, մշակույթի և կրթության կենտրոն։ Այժմ, իրավական ամրապնդմամբ, Սուրբ Կարապետը դառնում է Մաստրիխտի հայերի մշտական տունը՝ ապագա սերունդների հոգևոր կյանքը ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս