
Թրամփը Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցները չափազանց թույլ է համարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն: Այդ մասին նա հայտարարել է Բեդմինստերում (Նյու Ջերսիի նահանգ) լրագրողների հետ զրույցում:
«Պատժամիջոցները, որ նրանք սահմանում են, բավականաչափ խիստ չեն: Ես պատրաստ եմ պատժամիջոցներ սահմանել, բայց նրանք պետք է խստացնեն իրենց պատժամիջոցները, որպեսզի դրանք համապատասխանեն իմ գործողություններին», – ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:
«Պետք չէ մեզնից սպասել, որ կգործենք լրիվ թափով, իսկ Եվրոպան նավթ կգնի Ռուսաստանից», – հավելել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր անդամները գործեն միասին և դադարեցնեն նրանից նավթ գնել: Նա նաև Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ է արել ներմուծման մաքսատուրքեր սահմանել Չինաստանի դեմ 50-100%-ի չափով:
Թրամփի խոսքով՝ դա կօգնի վերջ դնել ուկրաինական ճգնաժամին, որից հետո մաքսատուրքերը կարող են վերացվել: