Փաշինյանը գտել է խաղաղության օրակարգի ձախողման մեղավորին

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի անդամներն ամեն պատեհ և անպատեհ առիթի հայտարարում են՝ խաղաղություն է հաստատվել՝ հորդորելով խնամել այն, հոգատարություն և զգուշություն դրսևորել՝ յուրաքանչյուր արտաբերվելիք բառի, շրջանառվող փաստաթղթի նկատմամբ:

Մինչդեռ Ալիևը շարունակում է Հայաստանի նկատմամբ իրավաքաղաքական պատերազմը, որն արտահայտվում է ոչ միայն Բաքվի «դատավարության» ժամանակ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից «ցուցմունքներ», գործուղված «տուժածներից» վկայություններ կորզելով, այլև հրապարակվում են ինչ-որ փաստաթղթեր, որոնք առնչվում են 1988-1990 կամ 1990-ականներին տեղի ունեցած դեպքերին, երբ իբր Արարատի (Երասխ) և Տավուշի մարզերից «թիրախավորվել են ադրբեջանական բնակավայրերը, եղել գերեվարության դեպքեր»:

Այսինքն, Ալիևը բացարձակ չի փորձում խնամել «հաստատված խաղաղությունը», այդ օրակարգի տրամաբանության մեջ աշխատանք չի տանում իր հանրության հետ, ինչը պահանջում է Հայաստանից, ավելին՝ դատարան «տուժածներ» գործուղելով, նա, ըստ էության, թարմացնում է թշնամությունը և ատելությունը:

Եվ սա այն դեպքում, երբ Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում կողմերը դատապարտում են անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության բոլոր դրսևորումները և խոստանում պայքարել նման երևույթների դեմ:

Կարդացեք նաև

Բայց այստեղ այլ խնդիր կա. և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի պահանջը հայ հանրությունից է, մեկ տարբերությամբ, որ Ալիևն ուղիղ հանրությունից չի պահանջում, այլ նրանց կերպափոխելու վերաբերյալ «տնային աշխատանք» է տալիս Փաշինյանին:

Իսկ օրերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան համաձայնագիր է նախաստորագրվել, որովհետև չկա վստահություն:

Սա, թերևս, ուշագրավ հայտարարություն է, որն աննկատ մնաց, իսկ Փաշինյանը, իհարկե, սա դիտարկեց այլ տեսանկյունից՝ սլաքն ուղղելով իր ընդդիմախոսներին և հանրությանը:

«Թուղթը ստորագրվել է նրա համար, որ չկա վստահություն: Այդ ինչո՞ւ է ձեզ թվում, որ Հայաստանում հնչում են միայն հայտարարություններ, որ հաճո են Ադրբեջանի ականջին, ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ-ում հնչում են միայն տերմիններ, որոնցով Ադրբեջանը չի համարում, որ ՀՀ-ն կամ ՀՀ կոնկրետ քաղաքացիներ կամ ուժեր խախտում են պայմանագիրը: Հենց դրա համար է, որ թուղթը գրած է, որ երբ որ փորձենք մեկնաբանել՝ որն ինչ է նշանակում, այս թուղթը դրա համար է»,- շեշտել է նա:

Այսինքն, Փաշինյանն իր համար արդեն որոշել է խաղաղության հաստատման կամ խաղաղության պայմանագրի չկնքման մեղավորին՝ ի դեմս հայ հասարակության և ընդդիմախոսների, դրա համար հիմք չհամարելով Ալիևի թույլ տված խախտումները:

Իսկ իրականում այն ձևակերպումը, թե՝ «թուղթը ստորագրվել է նրա համար, որ չկա վստահություն», կարող ենք տարածել հենց իր վրա:

Այսինքն, հնարավոր է, որ Ալիևը Փաշինյանից գրավոր խոստումներ է պահանջել, որն արտացոլվել է նախաստորագրված համաձայնագրում:

Չմոռանանք, որ 2020 թվականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի սկզբին, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր. 

«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»:

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե այդ Իլհամ Ալիևն է իրեն խնդրել չխոսել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից: Իհարկե, այստեղ խնդրանքները մի քիչ տարբեր են:

Ինչևէ, որպեսզի նման իրավիճակ չլինի, Ալիևը փորձել է փաստաթղթավորել Փաշինյանի խոստումները, իրականում Փաշինյանն էլ համարձակություն ունենալու դեպքում պիտի ուրախ լինի և այդ գրավոր պայմանավորվածության ձախողման պատասխանատու կարգի հենց Ադրբեջանին, ոչ թե սեփական հանրությանը:

Ի դեպ, երբ անցած տարի Ալիևը որոշել էր վերանայել իր երկրի ռազմական բյուջեն և այն զգալի ավելացնել, նա իր հանրության առաջ այդ որոշումը պայմանավորել էր Հայաստանի համապատասխան քայլով, այլապես բյուջեն չէր ավելացվի և այդ գումարները կուղղվեին «ազատագրած տարածքների» վերականգնմանը:

Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է 2026 թվականի համար ռազմական բյուջեն նվազեցնել, արդյո՞ք Ալիևը գնալու է այդ քայլին…

Մի բան փաստ է՝ և՛ Փաշինյանի խաղաղության, և՛ Ալիևի ռազմատենչ երանգներով քաղաքական քարոզչությունը նաև ներքին լսարանի համար է և սեփական իշխանության պահպանման: Մյուս կողմից՝ հարց է նաև՝ արդյո՞ք Ալիևին ձեռնտու կլինի պատերազմը, որով անընդհատ հայ հանրությանը վախեցնում է Փաշինյանը:

Փաստ է նաև այն, որ 50, 100 տարվա կտրվածքով Ադրբեջանի և Հայաստանի սպառնալիքները չեզոքացնելու մարտավարությունն ու տեսլականն է տարբեր, ուստի արդյունքներն էլ են տարբեր լինելու…

Տեսանյութեր

Լրահոս