
Բրիտանական ընկերությունն սկսել է շահագործել օկուպացված Արցախի Կաշենի հանքավայրը. «Հետք»

Բրիտանական Anglo Asian Mining հանքարդյունաբերական ընկերությունը սկսել է արդյունահանումը օկուպացված Արցախի Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրից, գրում է «Հետքը»։
2022-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստները, որոնք կառավարվում էին Ալիեւի ռեժիմի կողմից, փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը Քարին Տակ գյուղի հատվածում եւ պահանջում էին իբր թե բնապահպանական նպատակներով մոնիտորինգ իրականացնել Կաշենի հանքավայրում, «Հետքը» գրել էր, որ դրանք ընդամենը մեծ խաղի մի պտուտակն են ու սովորական խամաճիկներ Ալիեւի եւ նրա շրջապատի քաղաքական ու տնտեսական նպատակների համար:
Եթե գլխավոր քաղաքական նպատակը ԼՂՀ-ի հայաթափումն ու ամբողջական օկուպացիան էր, ինչն իրականություն դարձավ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի հանցավոր խորը շրջափակումից 9 ամիս անց, ապա տնտեսական նպատակը Արցախի բնակչությանն ու տնտեսվարողներին ոչ միայն հնարավորինս մեծ վնաս հասցնելն ու երկրի ամբողջ տնտեսությունը պարալիզացնելն էր, այլեւ Ադրբեջանի կառավարության ու արտասահմանցի հանքարդյունաբերողների համաձայնությունը կյանքի կոչելը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo Asian Mining-ը շրջափակման մեկնարկից 5 ամիս առաջ՝ 2022-ի հուլիսի 5-ին, Ադրբեջանից ստացել էր հանքարդյունաբերական 3 նոր գոտիներ՝ Ղարղար, Ղարադաղ եւ Դեմիրլի անուններով: Ինչու՞ նոր, որովհետեւ այս հանքարդյունաբերողի տերերն Ադրբեջանի ռեսուրսներով հետաքրքրված էին դեռ 1990-ականներից:
Ադրբեջանը Սոթքի հանքի իր հատվածի փոխարեն բրիտանական ընկերությանը «տվել է» 3 տարածք, այդ թվում՝ Կաշենի հանքը
Ինչպես արդեն գրել ենք, ըստ ընկերության պաշտոնական կայքի, 1997-ի օգոստոսին Ադրբեջանի կառավարության հետ կնքած պայմանագրով Anglo Asian-ը ստացել էր հանքարդյունաբերությամբ զբաղվելու 6 պայմանագրային տարածք (contract area): Բայց իրականում պայմանագիր կնքողը եղել է ոչ թե բրիտանական այս ընկերությունը, որը հիմնադրվել է 2004-ին Լոնդոնում, այլ ամերիկյան RV Investment Group Services-ը: Պարզապես երկուսի հետեւում էլ կանգնած է նույն սեփականատերը՝ ազգությամբ պարսիկ Մոհամադ Ռեզա Վազիրին (Mohammad Reza Vaziri), որի անվանական սկզբնատառերով էլ կոչվել է ամերիկյան ընկերությունը:
Ռեզա Վազիրին իր ընկերների հետ միայն 2000-ականների երկրորդ կեսին է ակտիվ հանքարդյունաբերական գործունեություն սկսել Ադրբեջանում, բայց արդեն բրիտանական Anglo Asian Mining-ով: Խոսքը, բնականաբար, այն տարածքների մասին է, որոնք ադրբեջանական տիրապետության տակ էին այդ ժամանակ՝ Գետաբակ, Գոշա, Օրդուբադ: Այսպիսով՝ Ango Asian-ը մինչեւ 2022 թ. հուլիս «ուներ» 6 պայմանագրային տարածք, որոնցից 3-ում էր գործունեություն ծավալում՝ արդունահանում կամ հետախուզում կատարում:
2022-ի հուլիսին փոփոխություն է կատարվել պայմանագրում, որով Anglo Asian-ը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է հայ-ադրբեջանական նոր շփման գծում հայտնված Սոթքի հանքի իր հատվածից, փոխարենը ստացել 3 նոր տարածք՝ Ղարղարը, Ղարադաղն ու Դեմիրլին (ընդհանուր՝ 8 պայմանագրային տարածք): Այստեղ էլ հարցն այն է, որ եթե Ղարղարն ու Ղարադաղը 2022-ի դրությամբ ադրբեջանական տիրապետության տակ էին եւ դրանց հանդեպ իրավունքները պատկանում էին AzerGold պետական ընկերությանը, որից էլ ձեռք է բերել Anglo Asian-ը, ապա Դեմիրլին գտնվում էր հայկական վերահսկողության ներքո, եւ ընդհանրապես, սա Արցախի տարածքում է: Դեմիրլի ասելով՝ պետք է հասկանալ Մարտակերտի շրջանի արեւելյան հատվածը՝ Կաշենի հանքով (տես ստորեւ): Այս պայմանագրային տարածքի մակերեսը, ըստ բրիտանական ընկերության, 74 քկմ է:
Արցախի հայաթափումից եւ ամբողջական օկուպացիայից հետո՝ 2024-ի երկրորդ կեսում, Anglo Asian-ը հասանելիություն է ստացել Կաշենի հանքավայրին: Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Սթիվեն Վեսթհեդը (Stephen Westhead):
Anglo Asian-ի կայքում ասվում է, որ հանքաքարը արդյունահանվում է բաց հանքից եւ վերամշակվում հարեւանությամբ գտնվող հարստացուցիչ ֆաբրիկայում: Բնականաբար, ոչ մի խոսք չկա այն մասին, որ սա «Բեյզ Մեթըլսի» կառուցած համալիրն է, որն, ըստ էության, օդից ընկել է Anglo Asian-ի ձեռքը: Նշվում է նաեւ, որ պոչերը տեղավորվում են ժամանակավոր ամբարում, իսկ առաջիկայում պետք է կառուցվի նոր պոչամբար: Ըստ բրիտանական հանքարդյունաբերողի՝ 2025-ին կանխատեսվում է արտադրել մոտ 4.000 տ պղինձ, իսկ 2026-ից սկսած տարեկան արտադրությունը պետք է հասնի 15.000 տոննայի: Anglo Asian-ի տեղեկացմամբ՝ վերջին երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացահանքը ընդլայնելու հնարավորություն կա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։