Շվեդական ապտակ Նիկոլ Փաշինյանին

Երեկ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերության սեփականատեր, բարերար

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը, որը նախաձեռնվել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։

Հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։

Կարդացեք նաև

Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։ Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Սա, ըստ էության, սենսացիոն զարգացում է, որը, ի թիվս այլ ազդեցությունների, ծանրագույն ապտակ է ՀՀ իշխանությանը։

Տեղի ունեցածն, անշուշտ, չափազանց դրական է այն առումով, որ Հայաստանի իշխանության կողմից սեփականության անձեռնմխելիության բացահայտ ոտնահարումը, ունեցվածքի կոպտագույն բռնազավթումը համարժեք գնահատականի է արժանացել միջազգային ամենահեղինակավոր կառույցներից մեկի կողմից, ինչը նշանակում է, որ եթե հայկական իշխանական վերնախավում համարժեքությունը չեն կորցրել անդառնալիորեն, պետք է հետ կանգնեն ՀԷՑ-ը Կարապետյանից խլելուն ուղղված հետագա քայլերից։ Կատարվածը, սակայն, մեծագույն հարված է նաև Հայաստանի՝ առանց այդ էլ չունեցած միջազգային, ներդրումային հեղինակությանը, որը գործող իշխանությունները հասցրել են Ադրբեջանի կողմից Հայաստանի ղեկավարության նկատմամբ վերաբերմունքի, այսինքն՝ խեղկատակության մակարդակի։

Ընդ որում, SCC-ի որոշումը չկատարելը կարող է վնասել առհասարակ Հայաստանի ներդրումային միջավայրին, որևէ ներդրող այլևս չի ցանկանա գալ մի երկիր, որտեղ իր իրավունքները պաշտպանված չեն, բիզնեսը խլում են։

Այս պատմությունը, սակայն, ունի մեկ այլ առանձնահատկություն։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը տնտեսական վեճերի լուծման արևմտյան հեղինակավոր կառույցներից մեկն է, ինչը շատ ավելի է ընդգծում Կարապետյանների դեմ սանձազերծված արշավի խայտառակ բնույթը։

Բանն այն  է, որ եթե ՀԷՑ-ը «պետականացնելու» գործընթացը նվազագույն աղերս ունենար օրինականության հետ, ապա նույն արբիտրաժն առնվազն չեզոք որոշում կարող էր կայացնել՝ հաշվի առնելով Սամվել Կարապետյանի՝ ռուսական խոշոր գործարար լինելու հանգամանքը։ Բայց դա տեղի չի ունեցել, քանի որ անգամ աշխարհաքաղաքականությունը, որ անխուսափելիորեն ազդում է ամեն ինչի վրա, հետևում է որոշակի նորմերի, որոնք այս դեպքում ուղղակի գոյություն չունեն։

Առաջիկայում պետք է սպասել Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումներին, որոնք, ամենայն հավանականությամբ, «կբացահայտեն», որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը ռուսական ազդեցության տակ գործող կառույց է, կամ, որ այն որոշում է կայացրել Հայ Առաքելական եկեղեցու եպիոսկոպոսների ցուցումով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս