Բանակցային այս հարթակը պրոթուրքական է․ ձեռք բերված պայմանավորվածությունները բխելու են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից․ ադրբեջանագետ

Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի դեմառդեմ հանդիպումը։ Մինչ այդ՝ հանդիպումը մեկնարկել էր երկու կողմերի ներկայացուցչական կազմերով․ հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը, Մհեր Գրիգորյանը և Ռուբեն Ռուբինյանը, ադրբեջանականից՝ Ջեյհուն Բայրամովը, Շահին Մուստաֆաևը, Հիքմեթ Հաջիևը, Էլչին Ամիրբեկովը։

Պաշտոնապես նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Աիլիևի հանդիպումը կայանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում։ Ի դեպ, սրան զուգահեռ, իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս հանդիպմանն անդրադառնալով՝ մի մարդու պես համացանցային գրառումներով վստահեցրել են՝ «խաղաղություն լինելո՛ւ է», ապա սկսել են պատմել, թե ինչ կարևոր է խաղաղությունը։ Բայց հասկանալի չէ, թե ո՞ւմ են ուղղում այս կոչերը, երբ մինչ օրս ագրեսիա իրականացրած կողմը հենց Ադրբեջանն է եղել։

Այս հանդիպումը կմոտեցնի՞ «խաղաղությունը»՝ 168am-ի հարցադրմանն ի պատասխան՝ ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը ցավով արձանագրեց․ «Վերջին 7 տարում ե՞րբ եք տեսել, որ իշխանական որևէ անձ որևէ բան ասի, ու դա համապատասխանի իրականությանը․ միշտ եղել է ասվածի, խոստացվածի հակառակը։

Ես չգիտեմ, թե ի՞նչ են իրենք հասկանում «խաղաղություն» բառի տակ, բայց դրա բովանդակությունը չի համապատասխանում նրան, ինչ սպասվում է Հայաստանին, իսկ Հայաստանին սպասվում են տարածքային կորուստներ, երկիրն ադրբեջանցիներով հեղեղել, Սյունիքի օտարում, Սևանի կիսում»։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ այս պարագայում թշնամական Ադրբեջանի համար է խաղաղությունը հնարավոր, քանի որ Իլհամ Ալիևի ընկալմամբ «խաղաղություն»-ն ունի մեկ գրավական՝ տարածաշրջանում հայերի գոյություն չունենալը։

«Ու Փաշինյանն իր խմբակով միասին իրականացնում են այս ծրագիրը,- հավելեց Արմինե Ադիբեկյանը, ապա անդրադառնալով մեր հստակեցմանը, թե հնարավո՞ր է, որ ռուս-ադրբեջանական լարվածությունը իրավիճակ փոխի տարածաշրջանում, և, օրինակ, ՌԴ-ն որոշի մեծացնել իր ազդեցությունն այստեղ, պատասխանեց,- Թուրքիան ու Ադրբեջանը անում են ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում ռուսական ազդեցությունն էլ ավելի նվազի, քանի որ ՌԴ-ից արդեն ստացան այն, ինչ իրենց հարկավոր էր՝ Հայաստանի թուլացումը: ՌԴ-ն մտածեց, թե Ադրբեջանի միջոցով կկարողանա շարունակել կանգուն պահել իր դիրքերն Անդրկովկասում, սակայն իրավիճակը փոխվեց այնպես, որ Ադրբեջանը սկսեց Ռուսաստանին դուրս մղել այն բոլոր նախագծերից, որոնք իրականություն են դարձել նաև ՌԴ-ի շնորհիվ։ Ռուսաստանը պետք է լուրջ պայքար մղի, որ պահպանի այն դիրքերը, որոնք դեռ ունի»։

Արմինե Ադիբեկյանը նկատեց՝ այդ պայքարը բխում է հենց ՌԴ անվտանգային շահերից։

Բանակցությունների հարթակի փոփոխության մասին մեր հարցերին ի պատասխան էլ ադրբեջանագետը նշեց․ «Դա պրոթուրքական հարթակ է․ Թուրքիան ամուր կապեր ունի արաբական երկրների հետ, որտեղ Հայաստանը գետնին ներկայացված չէ, և Հայաստանի շահերը պաշտպանող որևէ կառույց գոյություն չունի, հետևաբար՝ այնտեղ բոլոր բանակցային գործընթացներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները բխելու են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031