
«Իմպիչմենտի գործընթացը ենթադրում է կոնկրետ գործողություն նաև ԱԺ-ում, մանդատը վայր դնելու իմաստ չկա». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դրական որևէ ակնկալիք չունի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատավորից ու դատարանից, շեշտելով՝ հայ հասարակությանը «փաշինյանական» արդարադատությունը որևէ վստահություն չի ներշնչում։
«Մենք չենք խոսում իրավական գործընթացների մասին, որովհետև տեղի ունեցողը՝ սկսած ոստիկանությունից, քննչական ու դատախազական մարմիններից (դեռ չեմ խոսում խորհրդարանում տեղի ունեցած պրոցեսներից), որևէ բանով իրավական հարթության մեջ չեն։ Ամբողջովին գծվում ու իջեցվում է Կառավարության շենքից, բնականաբար, քաղաքական հիմք ունեցող որոշումներում իրավական հանգուցալուծում չենք կարող ակնկալել։
Բնականաբար, Արթուր Սարգսյանի գործն ամբողջությամբ սրա շրջանակներում է, և ակնկալել, որ այս կամ այն դատարանի ու դատավորի փոփոխությունը կարող է ստեղծված իրավիճակում խնդիր լուծել՝ այդպես չէ»,- Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդության փակ քննարկման ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ եղել է քաղաքական որոշում, ինչն էլ արտահայտվել է իշխող ուժի ներկայացուցիչների քաղաքական գրառումներով, ելույթներով։ Իշխող քաղաքական ուժի կողմից նույնիսկ կալանավորված անձանց դատավճիռը կա արդեն։
«Այնպես որ, այս թեմայով իշխանությունը փաթեթավորումն արել է, սցենարը նախապես մտածել է, և դատավորի այս կամ այն անձ լինելն այստեղ որևէ բան չի փոխի։ Իշխանությունը յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է քաղաքական այս թեմաներին, ունի կոնկրետ անձինք, ովքեր թաթախված են այս թեմայի մեջ և իրենց «անելիքը» գիտեն։
Վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ եթե իշխանության համար կա թիրախ, ապա նրա համար անպայման հոդված կգտնեն ու «կկարեն» և կապահովեն դրա փաթեթավորումը»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը պատասխանեց նաև լրագրողի հարցին, թե ինչո՞ւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն իրենց մանդատները վայր չեն դնում, քանի որ, ըստ լրագրողի՝ իրենց կողմնակիցները «Հայաստան» խմբակցության պատգամավորներին են հորդորում վայր դնել մանդատները։
Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ հայ հասարակության մեջ կան տարբեր խմբեր, որոնք 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ասում են, որ պատգամավորներն իրենց մանդատները չպետք է վերցնեին։ Տարբեր ճգնաժամերով պայմանավորված՝ 2022-2025 թվականներին, կան մարդիկ, որոնք ոչ միայն «Հայաստան», այլև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին առաջարկում են վայր դնել մանդատները։
«Վերջին օրերին, երբ իշխանությունն իր քայլերն ավելի ագրեսիվ դարձրեց և ապօրինությունները հասարակության համար շատ ավելի ակնհայտ դարձան, թեման կրկին ձեռք է բերել որոշակի ակտուալություն։ Տեսակետներն ու մոտեցումները տարբեր են, նաև որոշակի էմոցիոնալ բնույթ էլ կա, մարդկանց էլ կարելի է հասկանալ, որովհետև այն մարդիկ, ովքեր ուզում են իշխանափոխություն, մեզանից պահանջում են՝ կա՛մ արագ քայլեր, կա՛մ պարզապես ԱԺ-ում մի գտնվեք։
Հիմա այս իրավիճակում ես հետևյալ կարծիքին եմ, քանի որ օդում կա կախված 2 հիմնական դիսկուրս՝ և՛ անվստահության գործընթացի, և՛ 2026 թվականի ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում։ Օրինակ, Հանրապետական կուսակցության տեսակետը, որն արտահայտված է եղել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարություններում, ելնում է Կառավարության նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու կոնտեքստից։ Բնականաբար, այս գործընթացը ենթադրում է կոնկրետ գործընթաց նաև խորհրդարանում։ Այս տեսանկյունից բնական է, որ մեր խմբակցությունը ելնում է այս տեսանկյունից և մանդատները վայր դնելու նպատակահարմարություն չի տեսնում՝ անվստահության գործընթացն ակտուալ համարելով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը կարևոր է համարում, որպեսզի ընդդիմադիր դաշտի կարևոր դերակատարները հասկանան, թե ստեղծված իրադրության պայմաններում, երբ պարզորոշ արդեն ուրվագծված է, թե ուր է գնում իշխանությունը, ինչպես պետք է շարժվեն։
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀԿ-ն արդյո՞ք կմիավորվի Սամվել Կարապետյանի կողմից հավանական ստեղծվելիք ուժի հետ, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ չի ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել։
«Եթե մենք խոսում ենք ինչ-որ պրոցեսի շուրջ համախմբվելու մասին, դրա հիմքում գաղափարն է, այսինքն՝ ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ են համախմբվում։ Երկրորդը՝ այդ ուժը նախ պետք է ձևավորվի, մենք հասկանանք, թե այդ ուժը որ ուղղությամբ է շարժվում, հիմքում գաղափարական առումով ի՞նչ մոտեցումներ են, և հասկանանք, թե ստեղծված իրավիճակում ինչ ելքեր կան կամ չկան։ Նաև հաշվի առնելով անձին՝ Սամվել Կարապետյանին, նրա հարաբերությունները ՀՀԿ-ի, նաև ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, բնական է, որ կա հնարավորություն այս մասով առնվազն նստել, խոսել ու քննարկել։ Սակայն կարծում եմ՝ իրադարձություններից առաջ ընկնելու կարիք չկա»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում