
«Իմպիչմենտի գործընթացը կարող է ի չիք դարձնել Փաշինյանի իշխանության շուրջ առկա միջազգային լոյալության պատրանքը. ընդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով». Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով. իմպիչմենտի օրակարգը՝ առաջնահերթություն:
Արդեն 40 օր է՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ թիրախավորում է Եկեղեցուն ու Վեհափառին, հունիսի 27-ին ռազմական ներխուժում է տեղի ունեցել Վեհարան, երկու Սրբազաններ, ազդեցիկ գործարար, ԱԺ պատգամավոր, զոհվածի ծնող, տասնյակ մարդիկ են կալանավորված ու ռեպրեսիվ մեքենան շարունակում է «անխափան» աշխատել:
Այսպես շարունակվելու է, քանի դեռ օրակարգ թելադրողն իշխանությունն է, իսկ ընդդիմությունը գործում է անարդյունավետ արձագանքողի դերում:
Փաշինյանն այնքան սահմանադրական կարգավորում և օրենք է խախտել ու երկիրը տանում է այնպիսի մեծամասշտաբ աղետի, որ խորհրդարանական ընդդիմության կողմից իմպիչմենտի գործընթաց չհարուցելը համարվելու է հանցավոր անգործություն:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը գործընթաց նախաձեռնել է, ստեղծված ճգնաժամի պարագայում միանգամայն անհասկանալի է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը:
Եթե անգամ վերապահումները հասկանալի էին երեկ, մի քանի օր առաջ, ապա ԱԺ այսօրվա խայտառակ իրադարձություններից հետո ընդդիմությունը երկու ճանապարհ ունի՝ նախաձեռնել իմպիչմենտ կամ վայր դնել մանդատները:
Իմպիչմենտի գործընթացը, նույնիսկ եթե այն փաստացի չի հանգեցնի գործող վարչապետի հեռացմանը, Հայաստանի ընդդիմության համար կարող է դառնալ կարևոր քաղաքական գործիք՝ միաժամանակ մոբիլիզացիոն, գաղափարական, ռազմավարական և տեղեկատվական առումով։
Մի խոսքով, ընդդիմությունը կարող է խաղալ «առաջին համարով»:
Նման գործընթացով՝ ընդդիմությունն, առաջին հերթին, կվերադարձնի քաղաքական նախաձեռնությունը, մի բան, որն էապես կհարվածի իշխանության ռեպրեսիվ «հզորությանը»:
Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ իմպիչմենտը, արդյունավետ մարտավարության և քաղաքական ծրագրի առկայության պարագայում, կարող է կոնսոլիդացնել հասարակության «ցրված» բողոքի ալիքը:
Սա նաև առիթ է՝ մեկ ամբողջական փաստաթղթում ամբողջացնելու Փաշինյանի կողմից կատարված բոլոր հանցագործությունները, Սահմանադրության, պետական շահերի դեմ կատարված ոտնձգությունները:
Իմպիչմենտի գործընթացը կարող է ի չիք դարձնել Փաշինյանի իշխանության շուրջ առկա միջազգային լոյալության պատրանքը, եթե ընդդիմությունը կարողանա մեր արտաքին գործընկերների համար փաստագրել իշխանությունների ապօրինությունները։
Իմպիչմենտի գործընթացը նաև միջոց է, որը խթանելու է խոշորացման գործընթացն ընդդիմադիր դաշտում՝ նպաստելով մի քանի ուժեղ բևեռների ինստիտուցիոնալ կայացմանը:
Նման գործընթացները, որպես կանոն, նպաստում են հանրային, մասնագիտական, սոցիալական տարբեր սեգմենտների համախմբմանը:
«Հայաստան» խմբակցության վերապահումներից մեկն այն է, որ միայն համաժողովրդական շարժմամբ է հնարավոր հասնել իմպիչմենտի:
Միանգամայն ճիշտ է, սակայն ոչ թե պետք է մերժել իմպիչմենտը՝ համաժողովրդական շարժման բացակայության հետևանքով, այլ պետք է այն գեներացնել՝ Փաշինյանի իմպիչմենտին հասնելու համար:
Հիմա բոլոր նախադրյալներն առկա են»: