
Նիդեռլանդների պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում քիմիական զենք օգտագործելու մեջ

Նիդեռլանդների պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում քիմիական զենք օգտագործելու մեջՆիդեռլանդների և Գերմանիայի հետախուզական գործակալություններն ապացույցներ են հավաքել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից արգելված քիմիական զենքի լայնածավալ օգտագործման վերաբերյալ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերից խեղդող նյութ նետելու մասին՝ զինվորներին խրամատներից դուրս մղելու և նրանց վրա կրակ բացելու համար։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նշված գերատեսչությունները։Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։
«Հիմնական եզրահանգումն այն է, որ Ռուսաստանը մեծացնում է քիմիական զենքերի կիրառումը։ Սա մտահոգիչ է, որովհետև մաս է կազմում նոր միտումների, որոնց ականատես ենք լինում արդեն մի քանի տարի, երբ Ռուսաստանի կողմից այս պատերազմում քիմիական զենքի օգտագործումը դառնում է ավելի նորմալացված, ստանդարտացված և լայնատարած»,- ասել է նա Reuters-ին։
Բրեկելմանսը նշել է, որ Ուկրաինայում քիմիական զենքի կիրառումից մահացել է առնվազն 3 մարդ, ավելի քան 2500-ը տուժել է։Գերմանիայի արտաքին հետախուզական գործակալությունը հաստատել է այս բացահայտումները՝ հայտարարության մեջ նշելով, որ փաստերը ձեռք են բերվել նիդեռլանդացի գործընկերների հետ միասին, սեփական ուսումնասիրությունների հիման վրա։
Միացյալ Նահանգներն առաջին անգամ Ռուսաստանին մեղադրել է քլորոպիկրին օգտագործելու մեջ 2024 թ. մայիսին։ Այդ քիմիական միացությունն ավելի թունավոր է, քան անկարգությունների ժամանակ կիրառվող պայքարի միջոցները, և առաջին անգամ օգտագործվել է Գերմանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ուկրաինան իր հերթին հաղորդել է ռուսական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման հազարավոր դեպքերի մասին։ Իր հերթին, Ռուսաստանը բազմիցս հերքել է անօրինական զինամթերք օգտագործելու մեղադրանքները և իր հերթին դրա մեջ մեղադրել է Ուկրաինային։ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հուլիսի 2-ին հայտարարել էր, որ երկրի հարավում հայտնաբերվել են քլորոպիկրին պարունակող պայթուցիկներ։