
ՔՊ-ն 7․7 մլն դրամ է ծախսել Չինաստանի կոմկուսի պատմության ուսումնասիրության համար․ իշխող ուժի ծախսերն ու կուտակած պարտքը. Factor.am

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորումը 2024 թվականին 2023-ի համեմատ գրեթե կրկնակի պակասել է՝ 927․8 մլն-ից դառնալով 487․5 մլն դրամ։
Կուսակացության ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրությամբ Factor.am-ը պարզել է, որ մեծ է նվիրատվությունների մասով անկումը՝ 3․8 անգամ․ եթե 2023-ին ՔՊ-ն ստացել է 567․2 մլն դրամի նվիրատվություն, ապա 2024-ին՝ 146․6 մլն դրամ։ Նվազել է նաև ՔՊ-ի պետական ֆինանսավորումը՝ 2023-ի 268․3 մլն դրամից դառնալով 214․6 մլն դրամ։ Փոխարենը ՔՊ անդամներն ավելի շատ անդամավճարներ են մուծել․ 2023-ին հավաքվել է 76․7 մլն դրամ, իսկ 2024-ին՝ 109․2 մլն դրամ անդամավճար։ Անցած տարի ՔՊ-ն 7․7 մլն դրամ է ծախսել իր անդամների՝ Պեկինում «Չինաստանի կոմունիստական կուսակցության պատմությունը» թեմայով միջոցառումների շարքին մասնակցելու համար։
ՔՊ-ն 4․6 մլն դրամով վաճառել է կուսակցությանը պատկանող TOYOTA TACOMA մակնիշի ավտոմեքենան։ Շեշտակի աճել են ՔՊ-ի կրեդիտորական պարտքերը՝ 2023-ի 8․5 մլն դրամից 2024-ին դառնալով 62․6 մլն դրամ։ Նշենք, որ կրեդիտորական պարտքերն ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվող գումարներն են, որոնք ստացվել են, բայց դեռ չեն վճարվել:
Այսինքն՝ ՔՊ-ն 62․6 մլն դրամի ապրանք կամ ծառայություն է ստացել, որի համար 2024-ին չի վճարել։ Հարկ է նշել, որ ի տարբերություն նախորդ տարիների, 2024-ի ֆինանսական հաշվետվությունում աուդիտ իրականացրած «ԹՄ Աուդիտ» ՓԲ ընկերությունը խախտումներ չի արձանագրել։
Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվության գործով քրեական վարույթ էր նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաղորդումների հիման վրա։ Քրեական վարույթներից մեկը նախաձեռնվել է կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։
Քրեական երկրորդ վարույթի նախաձեռնման հիմքում բացի վերը նկարագրվածը, դրվել է նաև անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը, ինչպես նաև նվիրատուի կողմից կուսակցությանը կատարած նվիրատվության առավելագույն չափը գերազանցելը։