
«Թուրքմենները պատշաճ կերպով պիտի ներկայացված լինեն Իրաքի քաղաքականության մեջ». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օնջու Քեչելին անդրադարձել է Իրաքի Քիրքուք քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջանկյալ նշենք, որ Քիրքուկի Ալթունքյոփրու վարչական շրջան, որը խիտ բնակեցված են թուրքմեններով, ղեկավար է փոխվել։ Թուրքմենները նշում են, որ իրենք մեկուսացվել են տեղական ինքնակառավարումից ու այդ պատճառով կազմակերպել են բողոքի ակցիա և փակել Քիրքուք-Էրբիլ մայրուղին։
Քեչելին նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Քիրքուքում տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ թուրքմեն հայրենակիցները պատշաճ կերպով պետք է ներկայացված լինեն Իրաքի քաղաքականության մեջ և պետական կառուցվածքում։
Քեչելին ընդգծել է, որ ոչ թուրքմեն ղեկավարի նշանակումը անհարմարություն և հիասթափություն է առաջացրել թուրքմենական համայնքում։
Ըստ նրա՝ Քիրքուքի խաղաղությունն ու կայունությունը, որը իր էթնիկ և կրոնական բազմազանությամբ Իրաքի փոքր մոդելն է, առանցքային նշանակություն ունի ամբողջ Իրաքի խաղաղության և կայունության համար։