Այսպիսի վարքագիծը հերթական երկարաժամկետ հարվածն է ՀՀ տնտեսական համակարգին, պետության հեղինակությանը․ Թադևոս Ավետիսյան

Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը․ այսօր կառավարության նիստին վերահաստատել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնպես քննարկում է ունեցել, և օրենքի նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ։

Աժ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի համար իշխանությունների այս վարքագիծը զարմանալի չէ․ ըստ նրա՝ օրվա իշխանությունները վաղուց սահմանադրական կարգը տապալել են և շարունակում են տարբեր պատրվակներով խախտել օրենքները։

«Ինչ ուզեն գրեն-բերեն՝ պառլամենտում մեծամասնություն են, կդակեն-կտանեն,- 168am-ի հետ զրույցում նշեց Թադևոս Ավետիսյանը՝ նկատելով,- Այսպիսի վարքագիծը, ըստ էության, հերթական խորքային երկարաժամկետ հարվածն է ՀՀ տնտեսական համակարգին, պետության հեղինակությանը։

Ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառներով օրվա իշխանական խմբակը խլում է այլընտրանքային կարծիք հայտնած, իրենց քաղաքական շահին դեմ կարծիք հայտնած մարդու բիզնեսը՝ օտարերկրյա ներդրման ձևով։ Սա է փաստը, ու թե ինչ կձևակերպեն դրա տակ, ինչ հիմնավորումներ կդնեն, դրա միջազգային մեսիջը սա է լինելու՝ իր բոլոր հետևանքներով»։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ իշխանությունները նշում են ՀԷՑ-ում կառավարման արդյունավետության խնդիրների մասին, անջատումների մասին, ընկերությունը պետությանն ու ազգին վերադարձնելու մասին, տնտեսագետը արձագանքեց․ «Այդ տրամաբանությամբ, ՀՀ-ում անկախացումից ի վեր, մոտավորապես 7-8 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումներ կան, դե թող մի օրենք ընդունեն և բոլորն ազգայնացնեն։

Եթե կան խնդիրներ, բա 7 տարվա իշխանություն էին, բոլոր գործիքներն՝ իրենց ձեռքում, երկու պետական մարմիններ կան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, բա ի՞նչ էին անում, որ 7 տարում այդ խնդիրներն աճել են, թող լուծեին խնդիրները։

Ո՞նց է լինում, որ ժամանակին դա ձևակերպվում էր որպես ներդրում՝ այն ծառայեցնելով քաղաքական շահերին, իսկ այժմ, երբ մարդը տեսակետ է հայտնում, որն իրենց տեսակետին դեմ է, և արդեն ձևակերպվում է, թե խնդիրները շատացել են, և լուծումը պետականացումն է։ Ի վերջո, եթե սեփականության ձևը փոխում ես, խնդիրները լուծվելո՞ւ են․ իհարկե ոչ»։

ՀԷՑ-ը պետականացնելու մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց շուրջ 1 շաբաթ առաջ, երբ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում «իրենց ձևերով կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործընթացին»:

Այս հայտարարությունից ժամեր անց իրավապահները գործարարի առանձնատունը խուզարկեցին, ապա նաև՝ կալանավորեցին նրան։ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները զուգահեռաբար հայտարարություններ տարածեցին ՀԷՑ-ը պետականացնելու մասին։ Այս ամենը փաթեթավորվեց վստահեցմամբ, թե տեղի ունեցողի պատճառը քաղաքացիների դժգոհություններին լուծում տալն է: «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը ՀԷՑ-ը գնել է տասը տարի առաջ, կատարել է շուրջ 700 միլիոն դոլարի ներդրում։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 1 միլիոն սպառողի:

Տեսանյութեր

Լրահոս