Կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից ցմահ, այստեղ քննարկելու ոչինչ չկա. Անուշավան սրբազան

Վերջին օրերի հանրային կնճռոտ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. ԱՆՈՒՇԱՎԱՆ եպիսկոպոս ԺԱՄԿՈՉՅԱՆԻ հետ:

«ՌԵԿՏՈՐԻ ՀԵՏ ԱՌԻԹ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ»

– Ըստ լրատվամիջոցներից մեկի, Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, աստվածաբանական խորհրդատվությամբ օգնում է ԵՊՀ ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Ձեր օգնությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Սա ոչ միայն չի համապատասխանում իրականությանն, այլ դատապարտելի կեղծիք է. ինչ-որ օրաթերթի ինչ-որ «լավատեղյակ» մի անձից հուշվել է։

Անկեղծորեն, ես չէի էլ ուզում անդրադառնալ այս թեմային։ Պետք է հասկանալ՝ հարցադրումը, առհասարակ, արժեք ունի՞, կամ արդյոք արժեքավոր եւ հավաստի լրատվամիջոցից է, որ նաեւ ամեն դատարկաբանության արձագանքելիս վատ չզգաս։ Եթե ամեն դատարկ հուշումների կամ կարծիքների պատասխանենք՝ նշանակում է այլ բանով չպիտի զբաղվենք։

Նաեւ պետք է հաշվի առնել՝ ինչ դրդապատճառ է ունեցել «լավատեղյակ» հուշողը։ Այդ լրատվամիջոցում «լավատեղյակ» հուշողները դեռ 2018-ից առաջ արտահաստիքային հուշողի պաշտոնում եղել են եւ կան։ Խորհուրդ կտամ իրենց՝ «լավատեղյակ» հուշողից ստացված հուշումները քննեն, նոր հրապարակեն։

– Իսկ ընդհանրապես՝ այս օրերին առիթ ունեցե՞լ եք ռեկտորի հետ քննարկել ստեղծված իրավիճակը, որպես աստվածաբաններ, փորձել գտնել հնարավոր լուծումներ: Ֆակուլտետի ակադեմիական շրջանակներում քննարկվո՞ւմ են վերջին իրադարձությունները: Ի՞նչ միտումներ են նշմարվում:

— Ռեկտորի հետ այս օրերին առիթ չեմ ունեցել այս հարցերի շուրջ քննարկում ունենալ։ Գիտեք՝ ուսումնական տարվա ավարտն է, ֆակուլտետները եւ ռեկտորը զբաղված են ավարտական եւ հանրագումարային քննություններով։ Բայց դա չի նշանակում, որ Աստվածաբանության ֆակուլտետում այս վերջին շրջանի դեպքերի առնչությամբ քննարկումներ չեն եղել։ Քննարկումները չեմ չափազանցնի, եթե ասեմ կրում են ամենօրյա բնույթ։ Եվ ոչ միայն աստվածաբանների, կրոնագետների հետ, այլեւ այլ ֆակուլտետներից ամենատարբեր գիտնականների հետ։

Գաղտնիք չէ, որ աստվածաբանության ֆակուլտետից երկու կրոնագետ տեւապես, կարելի է ասել ամեն օր, հարցազրույց են տալիս այս կամ այն լրատվամիջոցին։

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱԽՈՀ ԵՄ»

— Գուցե ասեկոսեների պատճառն այն է, որ Աստվածաբանության ֆակուլտետի անունից այս օրերին հնչեղ հայտարարություններ չեղա՞ն: Սա լռությու՞ն էր, զգուշավորությու՞ն՝ որպես կրթական օջախի ներկայացուցիչ, թե՞ կարծում եք՝ Մայր Աթոռի հայտարարություններով ամեն ինչ ասված է: Ի՞նչ դեր ունի ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը հասարակական այս օրերի դիսկուրսում:

— Աստվածաբանական ֆակուլտետից, ինչպես նշեցի երկու կրոնագետ գիտնական անդադար պատասխանում են լրագրողների հարցերին մասնագիտական տեսանկյունից, եւ դրանք հրապարակված են։

Գիտական հասարակությունում ոչ մի զբաղվածություն չի կարող խանգարել, որպեսզի գիտնականը տեսակետ արտահայտի մեր ազգային կյանքին, պետականության լինելությանը վերաբերող կենսական հարցերի առնչությամբ։ Դա առաջին հերթին թելադրված է նաեւ գիտնականի իր կոչման գիտակցությամբ:

Իսկ ինչ վերաբերում է Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի հայտարարություններին՝ ես ինքս ներկա եմ լինում քննարկումներին եւ համախոհ եմ այդ հայտարարություններին։ Ասեկոսեները միշտ էլ կարող են լինել, պետք է հասկանալ, թե դրանց հետեւում ով է կանգնած եւ ինչ շահ է հետապնդում։
Ասեկոսեներով, առհասարակ, զբաղվում են ճղճիմ եւ ապիկար մարդիկ կամ այսպես ասած «լավատեղյակ» հուշողները։

— Ոչ միայն որպես բարձրաստիճան հոգեւորական, այլ որպես ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի կրոնագիտական, աստվածաբանական գնահատականները՝ ինչպես հոգեւորականների կուսակրոնության ուխտը խախտելու, կաթողիկոս փոխելու վերաբերյալ, այնպես էլ՝ «Կանոնագիրք հայոց»-ից արված հղումների մասով:

— Ես գնահատականներ չեմ տալու, այլ արտահայտել եւ արտահայտելու եմ իմ տեսակետը։ Կուսակրոնությունը բացառապես եկեղեցու ներքին հարցն է, դրա քննության հետ կապված եկեղեցում կան համապատասխան հանձնաժողովներ եւ ժողովական այլ մարմիններ։ Սա հանրային հարց չէ։ Եթե կարգապահական հարցերում այսօր շարժվենք Շահապիվանի կամ այլ միջնադարյան ժողովների կանոններով, այսօր մեր շրջապատում բավական քանակությամբ գանահարված, աղվեսադրոշմ կրող եւ այլ խեղումներով մարդիկ պիտի տեսնեինք։ Այդ ժողովների կանոնները, իհարկե, այսօր իրավունքի պատմության ուսումնասիրողների համար հրաշալի իրավաբանական հուշարձաններ են, բայց հատկապես կարգապահական տույժերի հարցում մոտեցումները ժամանակի ընթացքում վերանայվել են: Սա պետք է արձանագրենք եւ ըստ այնմ խոսենք կանոնների մասին: Հայ եկեղեցին դարերով քայլել է իր ազգային, պահպանողական, սրբագործված ավանդույթներով եւ օրենքներով։ Եվ որեւէ կարգապահական հարց եկեղեցում կարգավորվում է համապատասխան ինստիտուտներում։

Ինչ վերաբերում է կաթողիկոս փոխելու մասին մոտեցումներին՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ընտրվում է Ազգային եկեղեցական ժողովի (ԱԵԺ) կողմից ցմահ։ Այստեղ քննարկելու ոչինչ չկա, ԱԵԺ-ն հայ եկեղեցու գերագույն մարմինն է։ ԱԵԺ պատգամավորներն ընտրվում են աշխարհասփյուռ հայության միջից՝ բոլոր թեմերից, համայնքներից եւ ծխերից։ Չգիտեմ ինչու, մենք մի կարեւոր բան ենք մոռանում՝ Սուրբ Հոգու ներգործությունը։

Ժողովը՝ ժողով, ընտրությունը՝ ընտրություն, բայց ինչու ենք մոռանում Սուրբ Հոգու ներգործությունը քահանայապետի, եպիսկոպոսապետի ընտրության ժամանակ։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, չէ՞, Աստված ինքն է ընտրում իր սրբության խորանին սպասավորողին։

Մենք, իբրեւ հավատացյալներ, մոռանում ենք ամենակարեւորը՝ Սուրբ Էջմիածինը մեզ համար սրբություն սրբոց է։ Սուրբ Հոգին լցնում է մայր Տաճարը՝ դարերով կանգուն պահելով մեր հավատքի սյունը՝ հիմնված Տիրոջ վեմի վրա։

«ԵԹԵ ԵՍ ՎԱՏՆ ԵՄ՝ ՓԱՍՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՄԱՅՐ ԱԹՈՌ՝ ԼՈՒԾՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ»

— Ի վերջո, ի՞նչ արմատներ ունեն եկեղեցի-իշխանություն առկա լարվածությունը՝ պատմակա՞ն, գաղափարակա՞ն, թե՞ քաղաքական:

— Շատ է խոսվել եւ քննարկվել այս մասին, ես կարծում եմ ե՛ւ գաղափարական է, եւ թե՛, ցավոք, ազգային քաղաքական։ Պետք է չմոռանալ՝ Մայր Աթոռն ամեն ինչից վեր կառույց է։

— Այլեւս պատկերացնո՞ւմ եք առողջ եւ կառուցողական երկխոսություն այսօրվա իշխանության եւ եկեղեցու միջեւ: Իշխանությունը եկեղեցական կանոնագրքերում կգտնի՞ իր համար նպաստավոր ելք իրավիճակից, իսկ ի՞նչ պետք է անի եկեղեցին, որի հասցեին իշխանական հայհոյախոսությունները հատել են բոլոր կարմիր գծերը:

— Ես միշտ պատկերացնում եմ առողջ եւ կառուցողական երկխոսություն։ Այսօր՝ այս աշխարհաքաղական իրավիճակում մեր երկրի շուրջ եւ, առհասարակ, ողջ աշխահում, առավել հրամայական է առողջ եւ կառուցողական երկխոսությունը։ Իհարկե, «լավատեղյակ» հուշողները չեն ցանկանում նման բան։ Բոլոր կնճռոտ եւ ոչ հարթ հարցերը կարող են շուտափույթ լուծում գտնել։ Երկխոսությունները պատերազմական արհավիրքները կարող են նույնիսկ հարթել։ Ինչո՞ւ պատերազմել, եթե կարելի է երկխոսել։ Եթե ես վատն եմ՝ փաստերը ներկայացրեք Մայր Աթոռ՝ լուծման ակնկալիքով։

— Ի՞նչ կասեք Սամվել Կարապետյանի կալանավորման մասին՝ հաշվի առնելով նրա երկարամյա գործունեությունը եկեղեցու բարեգործական ոլորտում: Մի՞թե ամեն մի քրիստոնյայի անելիք չէ միջամտելը եկեղեցու դեմ արշավին, ինչի մասին բարձրաձայնեց նա, բայց հայտնվեց անազատության մեջ:

— Ցավում եմ, իհարկե, ազգային բարերարի կալանավորման համար։ Չպետք է այս աստիճան խորանար խնդիրը։ Սամվել Կարապետյանը հարգանքի արժանի եւ օրինակելի հայորդի է։ Մենք փոքր երկիր ենք՝ հազարամյակների խորը արմատներով եւ մշակույթով։ Մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր երկիրն օտար հարձակումներից պիտի պաշտպանենք, ոչ թե մեզանից։

Iravunk.am

Տեսանյութեր

Լրահոս