Ադրբեջանի նախապայմանները կատարելուց հետո Թուրքիան մեծացնելու է իր պահանջների շրջանակը․ Տիրան Լոքմագյոզյան

Փաշինյանը հենց այնպես, սուրճ խմելու համար չէր այցելել Թուրքիա։ Եթե երկու երկրի ղեկավար հանդիպում են, նշանակում է՝ ստորին օղակներում ինչ-որ բան կատարվել է, հասել է մի մակարդակի, որ արդեն ամենաբարձր մակարդակով պետք է հանդիպում լինի և վերջնակետ դրվի։ Քանի որ գաղտնի են պահում, չեն բացահայտում, թե ինչի մասին են խոսել, լղոզված, ստանդարտ բառեր են ասում, որոնք հիմնական խնդրի հետ ընդհանրապես կապ չունեն, այս ամենն ավելի վտանգավոր է դառնում։

Հատկապես այս կառավարության օրոք տեսանք, որ եթե ինչ-որ գաղտնիք կա, լռում են, ուրեմն վերջում անպայման մեր գլխին մի բան է գալու։ Հիշենք, որ վերջերս մի քանի անգամ Փաշինյանն ասել է, թե Թուրքիան կարող է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

«Լրատվությունից պարզ դարձավ, որ Փաշինյանն է առաջարկել այս հանդիպումը, և Էրդողանն ընդունել է նրան։ Նշանակում է՝ Փաշինյանը դիմել է Էրդողանին, որ նա միջնորդ դառնա, այսպես կոչված, «խաղաղության», իրականում՝ կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրման հարցում։ Դա մասամբ Թուրքիայի շահերից էլ է բխում։ Իհարկե, Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանն առավելագույն շահ ապահովի, վերցնի, ինչ կարող է, և Էրդողանը դեմ չէ դրան։

Կարդացեք նաև

Ալիևը դրա հետևից է ընկած, բայց նա չի ուզում այդ թուղթը ստորագրել։ Եթե ստորագրի, այդ գործընթացն ավարտած կլինեն, և նա այլևս նոր պահանջներ չի կարող դնել, կամ էլ դա շատ դժվար կլինի։ Մեզ համար լավ է, որ Ալիևը նպատակ չունի այն ստորագրելու, բայց վատ է, որ ինչ պահանջ նա դնում է, մերոնք ընդունում են։ Անգամ այն պահանջները, որոնք մինչ այդ սրանք համարում էին անընդունելի, ասում, թե ոչ մի դեպքում նման պահանջ չեն կատարի, բավարարում են»,- ասաց թուրքագետը:

«Փաշինյանին ճնշում են, ասում՝ եթե Ալիևն ուզում է, տուր, պահանջները կատարիր, որ այդ փաստաթուղթը ստորագրվի։ Բոլորն ընկած են այդ թղթի հետևից, ու քանի որ Ալիևն ապուշ չէ, գիտե դա, իրեն թանկ է վաճառում։ Նրան այդ պայմանագիրը պետք չէ, դա է խնդիրը։

Բոլորին պետք է՝ դրսի ուժերին, այս իշխանություններին։ Ալիևը շարունակ անընդունելի նախապայմաններ է դնում, դրանք էլ ենք ընդունում, բայց արդեն հասել ենք մի կետի, որ անգամ այս իշխանությունն է տեսնում՝ էլ այսպես չի լինի։ Հիմա էլ իրենց կարճ խելքով մտածում են, եթե Թուրքիայի հետ ինչ-որ համաձայնության գան, հարաբերություններ ստեղծեն, այդ ժամանակ Ալիևն իբր ստիպված կմոտենա մեզ և կստորագրի այդ թուղթը։ Փաշինյանին թվում է՝ ինքը գյուղի խելոքն է, բայց այդ գյուղում ուրիշ խելոքներ էլ կան»,- նշեց Լոքմագյոզյանը:

Թուրքագետի պնդմամբ՝ Փաշինյանին թվում է, որ ինչպես հասարակ, անգրագետ ժողովուրդը կարող է խաբվել իրեն կամ շահի հետևից ընկնելով՝ ընդունել իր ասածները, մեծ քաղաքականության մեջ էլ՝ Էրդողանի նման մարդը, այդպես է վարվելու.

«Այս տարիներին որքան դիմել ենք Թուրքիային՝ հարաբերություններ ստեղծելու խնդրանքով, Թուրքիան մեզ ցույց է տվել Ադրբեջանի ճանապարհը։ Ամեն անգամ ասել են նույն խոսքերը՝ գնացեք, Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք, հետո կգաք մեզ մոտ։ Դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ հարցերը լուծելուց հետո իրենք մեր բոլոր ցանկությունները կկատարեն։ Ընդհակառակը, հետո էլ իրենց պայմանները պիտի կատարենք։ Սակայն մենք այն վիճակում ենք, որ իրենք էլ հասկանում են՝ մեզ հետ ամեն ինչ կարող են անել»:

«Միայն առաջվա երեք նախապայմանները չեն դնելու սեղանին, որոնցից մեկն արդեն կատարված է՝ Արցախը հանձնված է Ադրբեջանին, մնացել են երկուսը, որոնց մասին մերոնք արդեն խոսում են։ Թուրքերն այլ նախապայմաններ էլ են դնելու։ Միայն Ադրբեջանը չէ, որ ասում է՝ Հայաստանը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» է, Երևանը՝ Իրևան։ Նույնը թուրքերն են ասում, նրանք ավելի քան հարյուր տարի է՝ Գյումրիի և այդ տարածաշրջանի վրա աչք ունեն։ Վաղը նրանք մեր առջև Գյումրին հանձնելու խնդիր են դնելու»,- ամփոփեց Տիրան Լոքմագյոզյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս