Բիզնեսի ազգայնացում՝ ապազգայնացվող պետությունում․ ո՞ւմ համար է ուզում խլել  ՀԷՑ-ը

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «ազգայնացնել» Հայաստանի Էլեկտրական ցանցերը՝ ՀԷՑ-ը։ Ոչ միայն ուղղակի ցանկանում է, այլ արդեն իսկ նրա սեփական օգտագործման որևէ պատգամավոր կամ պատգամավորների խումբ մշակել է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որի մասին ավետվեց այսօր։

Այսպիսով, իշխանությունն «ազգայնացման» անվան տակ մտադիր է ուղղակի խլել հերթական խոշոր, բայց իր նշանակությամբ համակարգային կազմակերպությունը, մասնավոր սեփականություն հանդիսացող կազմակերպությունը։ Ավելի «համեստ» մասշտաբի նախադեպեր արդեն իսկ կան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի,  «ՎիվաՍել» ընկերության փայաբաժնի նվիրատվությունները, էլի ինչ-որ դեպքեր։ Ինչպես ասում են, ցանկությունը կա, փորձը կա, կատարողները կան, հասարակությանը համապատասխան փաթեթավորմամբ դա որպես «ժողովրդի սեփականությունը հետ վերադարձնելու» քարոզչական տեխնոլոգիաները կան։

Եթե այս մտադրությունը չարժանանա համարժեք դիմադրության, ընդ որում, ոչ միայն ՀԷՑ-ի սեփականատեր Կարապետյան ընտանիքի, այլ նաև քաղաքական ուժերի, գործարար համայնքի, իրավաբանների հանրության, հասարակության այլ շերտերի կողմից, իշխանությունը կարող է գրանցել հերթական հաղթանակը՝ Հայաստանի համակարգային այլանդակման ճանապարհին։

Ժողովրդավարությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանը, բառի ամենաուղիղ իմաստով, հիմնահատակ ավերում է ժողովրդավարության ֆունդամենտալ բաղադրիչներից ևս մեկը՝ մասնավոր սեփականության, դրա անձեռնմխելիության ու դրա վրա հիմնված  ազատ շուկայական հարաբերությունների ինստիտուտը։ Դա ոչ միայն ժողովրդավարության այլասերում է ու ավտորիտարիզմի հաստատման հերթական քայլ, այլ նաև բացասական ուղերձ որևէ հայ կամ օտարերկրյա ներդրողի այն մասին, որ այս երկրում մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը երաշխավորված չէ։

Կարդացեք նաև

«Ժողովրդավարության բաստիոնում» այլևս ոչ միայն բոլոր ուժային կառույցները, դատարանների մեծ մասը և պետական կառավարման ողջ համակարգն են մեկ անձի անձնական օգտագործման խամաճիկի դերում, այլ նաև մասնավոր բիզնեսը, եթե դրա սեփականատերերը համարձակվում են չդառնալ ստրուկ փողատերեր, ինչպես այսօրվա իշխանության սիրելի «խոշոր գործարարները»։

Տեսականորեն այս գործընթացը կարող էին կանխել միջազգային կազմակերպությունները, տարբեր ռեյտինգներ շնորհող կորպորացիաները, որոնք, սակայն, ինչպես կյանքն է ապացուցել, առաջնորդվում են ոչ թե ժողովրդավարության ու ազատականության արժեքներով, այլ իրենց հետևում կանգնած երկրների աշխարհաքաղաքական շահով: Իսկ դա պահանջում է աչք փակել իրենց համար խամաճիկի վերածված իշխանության կողմից ժողովրդավարության քաղաքական, քաղաքացիական ու տնտեսական հիմնասյուների բռնաբարության վրա։

Այս պատմության մյուս եղկելի կողմը սեփականության խլմանը տրվող անվանումն է՝ «ազգայնացում»։

Իշխանությունը, որն ամեն կերպ պայքարում է ցանկացած ազգայինի դեմ՝ արշավ է մղում ընդդեմ պատմության, եղեկեցու, ինքնության, սովորական ռեկետը ներկայանցում է որպես «ազգայնացում»։ Տիեզերական մասշտաբի այս երեսպաշտությունը հանգում է նրան, որ այս իշխանության համար միայն փողը կարող է լինել ազգային, այն դեպքում, երբ փողը՝ գոնե գործառնական իմաստով, ազգային պատկանելություն չունի։

Հայաստանում պետությունն ապազգայնացվում է, խոշոր բիզնեսը՝ ազգայնացվում։ Իրավիճակի նրբությունն այն է, որ առաջին գործընթացը՝ պետության ապազգայնացումը կամ դենացիֆիկացիան (ինչը, ի դեպ, Ադրբեջանի՝ ուղիղ չձևակերպվող պահանջներից մեկն է) ենթադրում է ցանկացած ազգայինի չգոյություն։ Իսկ դա նշանակում է, որ փաշինյանական իշխանության պահպանման դեպքում այսօր «ազգայնացման» անվան տակ խլվող բիզնեսը ևս դառնալու է ապազգային՝ ծառայելով խլողների՝ ֆինանսական, ու նրանց միջոցով՝ Հայաստանից ազգային ամեն ինչը խլողների աշխարհաքաղաքական շահերին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս