
Ալեն Սիմոնյանը հաստատել է՝ Նիկոլ Փաշինյանը կայցելի Թուրքիա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա:
«Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են: Եվ ես կարծում եմ, որ այդ այցը պատմական է, քանի որ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու: Իհարկե, ես հիմա դժվարանում եմ ասել՝ պաշտոնակա՞ն այց է, թե՞ աշխատանքային, բայց որ դա երկկողմ այց է, և հրավեր է արվել նախագահի կողմից ու հենց այդ ֆորմատով է լինելու, այո»,- մանրամասնեց նա՝ չնշելով, թե ինչ կազմով է Նիկոլ Փաշինյանը մեկնելու Թուրքիա:
Հարցին՝ Հայաստանի ակնկալիքներն այդ այցից կամ հանդիպումից վերաբերում են հայ-թուրքական հարաբերությունների՞ն, թե՞ նաև հայ-ադրբեջանական, ապաշրջափակման հարցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Բոլոր հնարավոր հարցերին է վերաբերում, որոնք հնարավոր կլինի քննարկել: Որևէ արտառոց բան այս պահին չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևէ քննարկում»:
Նա սխալ համարեց ձևակերպումը, որ Թուրքիան ցանկանում է միջնորդ լինել Հայաստան-Ադրբեջան երկխոսության համատեքստում:
«Չեմ կարծում, որ նման գնահատական տալը ճիշտ է: Ինչպես տեսաք, Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրն ավարտին հասցրեցին միասնական, և կողմերը կորոշեն, երբ ժամանակը գա, թե որտեղ կկնքեն այն, ինչ միջնորդություն կլինի, կլինի՞ միջնորդություն, թե՞ ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե՞ այլ ֆորմատ կլինի, քանի որ դիվանագիտական բանում տարբեր ֆորմատներ գոյություն ունեն: Ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում ևս տեղի ունենա, և ինչ-որ մի ֆորմատ կընտրվի»,- նշեց Ալեն Սիմոնյանը: