
ԱՄՆ գլխավոր դատախազը չի բացառել Լոս Անջելեսում անկարգությունների մասնակիցների դեմ միջոցների խստացումը

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը չի վարանի, եթե Լոս Անջելեսում իրավիճակը կայունացնելու համար պահանջվի ավելի վճռական քայլեր ձեռնարկել: Այս մասին նա նշել է՝ պատասխանելով զինվորականների ներգրավմամբ ապստամբությունները ճնշելն արտոնող օրենքի կիրառման հնարավորության վերաբերյալ CNN-ի լրագրողի հարցին:
«Այս պահին մենք լավ դիրքում ենք Կալիֆոռնիայում։ Մենք չենք վախենում ավելի հեռուն գնալուց։ Չենք վախենա, եթե պահանջվի լրացուցիչ քայլեր ձեռնարկել»,- նշել է նա:
Փեմ Բոնդին հայտնել է՝ առայժմ իշխանությունները հույս ունեն, որ պարետային ժամը կնպաստի լարվածության թուլացմանը: Սակայն, գլխավոր դատախազի հավաստմամբ՝ դաշնային իշխանությունները նաև պատրաստ են գործել։
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտարարել է, որ նախորդ գիշեր ձերբակալվածների մեծ մասը խախտել է պարետային ժամը, որը, նրա գնահատմամբ՝ արդյունավետ միջոց է եղել՝ կանխելով վանդալիզմն ու թալանը և հանգեցնելով բողոքի ցույցերի մասնակիցների նվազմանը: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ դաշնային իշխանությունները նախկինում միայն վատթարացրել են իրավիճակը և շարունակում են խորացնել ճգնաժամը:
Ըստ The New York Times-ի՝ վարչակազմի իրականացրած ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի նոր ցույցեր են նախատեսվում Լոս Անջելեսում, Միշն Վիեխոյում (Կալիֆոռնիա), Յուջինում (Օրեգոն նահանգ), Ռոլիում (Հյուսիսային Կարոլինա), Սան Անտոնիոյում (Տեխաս), Սիեթլում (Վաշինգթոն) և Սենթ Լուիսում (Միսուրի): Որոշ քաղաքների իշխանությունները պատրաստվում են այս ցույցերին։
Հունիսի 11-ին Լոս Անջելեսի փողոցներում հերթապահություն կիրականացնեն 700 ծովային հետևակայիններ՝ միանալով Ազգային գվարդիայի ծառայողներին։ Նրանք պաշտպանելու են ԱՄՆ ներգաղթային և մաքսային ոստիկանության (ICE) գործակալներին, բայց չեն մասնակցի ձերբակալություններին։