
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-12-ը կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպայի խորհուրդը։ Նշվում է, որ Ալեն Բերսեն հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստան այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Երևանի պետական համալսարանում և կհանդիպի ուսանողների հետ։
«Այցը տեղի է ունենում Հարավային Կովկասի համար կրիտիկական պայմաններում։ Գլխավոր քարտուղարը կհաստատի Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, ուղերձ, որը նա ուղիղ փոխանցել է Նիկոլ Փաշինյանին և նախագահ Իլհամ Ալիևին մայիսին Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ նա հայտարարել է. «Խաղաղության շուրջ քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր են։
Մենք պետք է միասին աշխատենք տարածաշրջանային անվտանգության առումով հնարավոր լավագույն լուծումները գտնելու համար»»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հավասարապես կարևոր է նաև Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումներին։ «Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի միջոցով, որի նախնական բյուջեն կազմում է 19 միլիոն եվրո, և նոր՝ 2.8 միլիոն եվրոյի փաթեթի միջոցով Եվրոպայի խորհուրդը նպաստում է ինստիտուտների, մարդու իրավունքների պաշտպանության և փախստականների հոսքերին արձագանքող համայնքների դիմադրողականության ամրապնդմանը։
Քանի որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը, քննարկումները կկենտրոնանան նաև այն բանի վրա, թե ինչպես կարող է Եվրոպայի խորհուրդը նպաստել տարածաշրջանի դերի ամրապնդմանը Եվրոպայի ձևավորվող ժողովրդավարական անվտանգության ճարտարապետության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։