
«Դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք՝ Հայաստանում ո՞վ է ամենամեծ ստախոսը, 10-ից 9-ը կասեն՝ Նիկոլ Փաշինյանը». Պարույր Հայրիկյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել՝ սպառնալով ապացույցներ ներկայացնել Կաթողիկոսի զավակ ունեալու վերաբերյալ, եթե Վեհափառն այն հերքի։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգեվորականի Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»,- իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ հոգևոր կյանքի ու ոլորտի մասին խոսող մարդիկ պետք է ինչ-որ չափով հոգևոր լինեն, նաև գնահատեն հոգևոր արժեքները։
«Ողջ հանրությանը հայտնի՝ որպես բոլոր չարիքների հիմնական հենարան, որպես ստախոսության երդվյալ նվիրյալ, արդյոք իրավունք ունի՞ խոսելու բարոյական, հատկապես՝ հոգևոր արժեքների մասին։ Եթե այդ մարդը քրիստոնեության մասին է խոսում, նախ թող իր աչքի գերանը տեսնի, հետո՝ ուրիշի աչքի փուշը։
Դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք, թե Հայաստանում ո՞վ է ամենամեծ ստախոսը, 10 հոգուց 9-ը կասեն՝ Նիկոլ Փաշինյանը։ Հենց այնպես չեմ ասում, որ այդ մարդը բոլոր չարիքների հիմքն է, գոյություն ունի 10 պատվիրան, երբ մարդ են սպանում, հետո ստում են, թե չեն սպանել, հետո պետք է կրկին ստեն, որ չեն ստել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը։
Շարունակելով միտքը՝ Պարույր Հայրիկյանը նկատեց՝ աջ ու ձախ ստեր տարածող մարդն ինչպե՞ս է համարձակվում լուրջ կոչով հանդես գալ «եկեղեցու շուրջ համախմբվելու և կաթողիկոս ընտրելու» վերաբերյալ։
Ըստ ԱԻՄ առաջնորդի, այս ամենի բացատրությունը կարող է տարբեր լինել, բայց դրանց անդրադառնալն անշնորհակալ գործ է։ Օրինակ, կարող է մարդկանց միտքը զբաղեցնել, նախընտրական քարոզչությամբ է զբաղվում, և այլն։
«Հասկանում եմ, որ ինքը, լինելով սատանայի սպասավոր, բնականաբար, հիմնական հակառակորդը պետք է լինի Առաքելական եկեղեցին՝ անկախ եկեղեցու որոշ գործիչների, որոշ թերացումներից կամ սխալներից։ Մեր ազգի ներսում եկեղեցին է հոգևոր արժքների կրողն ու պահպանողը, հենց այդ հոգևոր արժեքներով է մեր ազգը գոյատևել։ Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին, նշանակում է՝ արժանանալ ամենադաժան պատժին։
Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որն իրավունք ունի ազգային, բարոյական, այն էլ՝ հոգևոր խնդիրների մասին արտահայտվել»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը։
Հիշեցնենք, որ արդեն 2 շաբաթից ավելի Նիկոլ Փաշինյանը և ողջ ՔՊ-ական վերնախավը՝ իրենց սատարող ուժերով, լծված են Առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ արշավ իրականացնելով։ Նիկոլ Փաշինյանը նախ եկեղեցիներն անվանեց «չուլանացված», այնուհետև Գարեգին Բ-ին մեղադրեց կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում ընդունվել է հայտարարություն, որով կոչ են արել իրավասու մարմիններին կասեցնել Նիկոլ Փաշինյանի անօրինական և անհեռատես քաղաքականությունը։