Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցին ուզում վերահսկել թուրքական մոդելով. Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան, «Կամուրջ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու ու Կաթողիկոսի դեմ անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա հրահանգով՝ ողջ ՔՊ-ականների կողմից հրահրված արշավին, նկատեց, որ «Հայաստանի թավշյա իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վերջին հարձակումների մեջ կա մի շատ կարևոր նրբերանգ, որին գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձրել»:

«Խոսքը եկեղեցական բարձրագույն սպասավորի ընտրության գործընթացը պետությանը ստորադասելու իշխանությունների մտադրության մասին է, ընդ որում ՝ արդեն ուղղակիորեն հայտարարվել է, որ Հայոց Կաթողիկոսի ընտրություններում պետությունը պետք է որոշիչ ձայն ունենա, չգիտես՝ ինչու՝ «պետություն» ասելով նկատի ունենալով Հայաստանի քաղաքացիներին: Մի կողմ թողնենք ձևակերպման անհեթեթությունը, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին մի կառույց է, որը պատկանում է ողջ հայ ազգին, այլ ոչ թե միայն «Հայաստանի քաղաքացիներին», ինչպես իրենք են նշում»,- ասաց Արման Աբովյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ բայց նույնիսկ դա այս պարագայում կարևոր չէ, այլ կարևորն այն է, որ աշխարհում կա ընդամենը մեկ պետություն, որն ուղղակիորեն ազդում է իր երկրում Հայ Առաքելական եկեղեցու տեղապահի ընտրությունների վրա ու հաստատում դրանք։

«Եվ այդ պետությունը կոչվում է Թուրքիայի Հանրապետություն: Հենց Թուրքիայում կա հայկական եկեղեցու կոշտ վերահսկողության ինստիտուտ, և հենց այդ մոդելն է, որ հիմա փորձում են Եկեղեցու՝ իբր «բյուրեղացման» համար պայքարի անվան տակ իրականացնել հայկական իշխանությունները։ Իսկ ինչո՞ւ պետք է ներկայիս իշխանություններին ենթարկվի հայկական եկեղեցին ՝ ըստ թուրքական մոդելի: Մի պատճառով` եկեղեցու նկատմամբ վերահսկողությունն անհրաժեշտ պայման է քրիստոնյա հայերին հսկողության տակ պահելու և հայերի ազգային ինքնագիտակցության պոռթկումներ թույլ չտալու համար»,- ասաց Արման Աբովյանը:

Կարդացեք նաև

Վերջինս հավելեց՝ այսինքն՝ փաշինյանական իշխանությունների կողմից հայկական եկեղեցու նկատմամբ վերահսկողության թուրքական մոդելի ներդրումը նույն «թուրքական» նպատակներն է հետապնդում։

«Եվ եթե թուրքերը գործում են՝ որպես օկուպացիոն ռեժիմ, որը կոչված է վերահսկելու ազգային փոքրամասնություններին (տվյալ դեպքում՝ հայերին), ապա, ըստ տրամաբանության, հայկական իշխանությունը գործում է կոլաբորացիոնիստական ռեժիմի տրամաբանությամբ։ Մնացածն ընդամենը տեղեկատվական շղարշ է»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս