
Ադրբեջանում արդարադատության խոչընդոտման և ապացույցների կեղծման համակարգված պրակտիկան․ Զեկույց

Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչընդոտումն կազմում են Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասը։ Անկախ միջազգային քննչական մարմիններ, իրավական հաստատություններ, օտարերկրյա փորձագետներ և մարդու իրավունքների կազմակերպություններ բացահայտել են Ադրբեջանի կողմից մեղադրանքների կեղծման, դատաբժշկական եզրակացությունների մանիպուլյացիայի, ապացույցների թաքցման և մարդու իրավունքների խախտումների դիտավորյալ չհետաքննելու բազմաթիվ դեպքեր։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և ՀՅԴ Հայ դատի համակարգում գործող «Հայկական իրավական կենտրոնի» համագործակցությամբ պատրաստվել է զեկույց, որը մանրամասնում է Ադրբեջանի կողմից ապացույցների կեղծման և խեղաթյուրման համակարգված պրակտիկան՝ որպես պատերազմական հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները միջազգային հանրությունից թաքցնելու միջոց։
Human Rights Watch (HRW) և Amnesty International միջազգային հեղինակավոր կազմակերպությունները նույնպես փաստաթղթավորել են Ադրբեջանի այս գործելաոճը։ Այն ներառում է թիրախային հարձակումներ, կամայական ձերբակալություններ և քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ ինչպես քաղաքացիների, այնպես էլ կոռուպցիայի դեմ բողոքողների և իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնող անձանց նկատմամբ։ Պետական քաղաքականության դեմ արտահայտվող և մարդու իրավունքները պաշտպանող անհատների պարբերական թիրախավորումն Ադրբեջանի իշխանությունների կողմից հաճախակի կիրառվող պրակտիկա է, սրանով Ադրբեջանը ձգտում է քողարկել իրական խախտումները։ Սա վկայում է այն մասին, որ այդ պետությունը ոչ միայն հանձնառու չէ պաշտպանել մարդու իրավունքները, այլև հետապնդում է դրանք պաշտպանողներին։
ԱՄՆ պետդեպարտամենտի 2021թ․ զեկույցը հաստատում է՝ Ադրբեջանը պարբերաբար պատասխանատվության չի ենթարկում մարդու իրավունքների խախտումներ կատարող և կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնյաներին։ Ավելին՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Ադրբեջանի կողմից իրականացվող «հետաքննություններում» նկատվել են ապացույցների կեղծման և մանիպուլյացիայի հստակ օրինաչափություններ, թափանցիկության բացակայություն և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անկարողություն։
Բազմաթիվ դեպքերում Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն անմիջականորեն ներգրավված են եղել խախտումներում, այլև փորձել են թաքցնել դրանք։ Նման գործ է «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործը։ Վերջինս բանտարկվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանելու համար պետական սահմանը հատելուց հետո։ Լապշինը ադրբեջանական բանտում ենթարկվել է խոշտանգումների, նրա կյանքը վտանգի տակ էր, սակայն Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ կերպով հետաքննել միջադեպը՝ այն որակելով որպես ինքնասպանության փորձ, չնայած առկա էական ապացույցներին, որոնք հակառակն էին վկայում։
Ադրբեջանի մարդու իրավունքների ազգային ինստիտուտը փաստաթղթավորված պատմություն ունի համակարգային խախտումները հետաքննելուց կամ դրանց դեմ պայքարելուց հրաժարվելու հարցում։ Արդյունքում՝ 2018թ․ այն A կարգավիճակից իջեցվել է B կարգավիճակի, ինչը վկայում է նրա անկողմնակալ գործելու անկարողության և իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հավաստի մեղադրանքների հետաքննությունից խուսափելու մասին։
Մարդու իրավունքների համալսարանական ցանցը նկատել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի հետաքննել, մեղադրանք չի առաջադրել կամ դատապարտել Ադրբեջանի զինված ուժերի որևէ անդամի՝ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումների ժամանակ հայերի դեմ կատարված վայրագությունների համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ բացահայտել են Ադրբեջանի կողմից ապացույցների կեղծման, դիտավորյալ ընթացակարգային խախտումների և հայ զոհերի դեմ կատարված հանցագործությունների համար պետության կողմից համակարգված անպատժելիության մասշտաբները։
Հաշվի առնելով այս և փաստագրված այլ դեպքեր՝ Ադրբեջանը ցուցաբերում է ապացույցների կեղծման և արդարադատությունը խաթարելու կրկնվող օրինաչափություն, ներառյալ վկաների ցուցմունքների և դատաբժշկական ապացույցների մանիպուլյացիաները, ինչպես նաև պետության կողմից հովանավորվող խախտումները հետաքննելուց հրաժարվելը։
Ադրբեջանի իրավական հաստատությունները բոլոր մակարդակներում գործում են անպատժելիության մթնոլորտում, որը պայմանավորված է անկախության բացակայությամբ, պետական մարմինների հանցագործությունները հետաքննելուց հրաժարվելով և մարդու իրավունքների խախտումները թաքցնելու հարցում անմիջական մասնակցությամբ։ Այս միտումը առավել ակնհայտ է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ արձանագրություններում․ քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները արդարացնելու համար կեղծվել են մեղադրանքները, խոշտանգումների և բռնության հետքերը թաքցնելու համար մանիպուլյացիայի են ենթարկել դատաբժշկական եզրակացությունները, կեղծվել են ֆիզիկական ապացույցներ, այդ թվում՝ դիահերձման արդյունքները, կեղծվել են նաև վկաների ցուցմունքները՝ քննություններին խոչընդոտելու նպատակով։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ զեկույցում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացման վերաբերյալ։ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ միջազգային իրավական վեճերում, Ադրբեջանի կողմից ներկայացված բոլոր ապացույցներն ու զեկույցները քննելիս, հաշվի առնել Ադրբեջանի կողմից ապացույցների կեղծման և արդարադատությանը խոչընդոտելու փաստաթղթավորված և համակարգված օրինաչափությունը», -նշված է զեկույցում։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
03 հունիս, 2025