
Գինեսի ռեկորդների գիրքը Լեդի Գագայի անվճար համերգը հաճախելիության առումով ճանաչել է ռեկորդային

Երգչուհի Լեդի Գագայի՝ մայիսին Ռիո դե Ժանեյրոյում կայացած համերգը հաճախելիությամբ ռեկորդային է դարձել կին երաժիշտների շրջանում: Այս մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:
«Լեդի Գագայի անվճար համերգին 2025 թ. մայիսի 3-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում, ըստ գնահատականների, այցելել է 2,5 միլիոն երկրպագու (որոնց փաղաքշաբար անվանում են նրա «փոքրիկ հրեշներ»)՝ այն դարձնելով պատմության մեջ հաճախելիությամբ ամենամեծ մենահամերգը: Լեդի Գագայի՝ 13 տարվա ընթացքում առաջին ելույթը Բրազիլիայում գերազանցել է Մադոննայի կողմից այդ նույն վայրում 2024 թ. մայիսի 4-ին սահմանված ռեկորդը, երբ 1,6 միլիոն մարդ էր այցելել», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հաճախելիության ընդհանուր ռեկորդն արդեն ավելի քան 30 տարի պահպանում է բրիտանացի երաժիշտ Ռոդ Ստյուարտը. 1994 թվականին նույն վայրում նրա ամանորյա համերգին, ըստ գնահատականների, այցելել է առնվազն 3,5 միլիոն մարդ: Դրա հետ մեկտեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիսատեսի թիվը հաշվելիս նկատի են ունեցել նաև քաղաքի բնակիչներին, որոնք եկել էին դիտելու միայն ամանորյա հրավառությունը:
Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) համաշխարհային փոփ երաժշտության ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկն է: Նրա վեց ստուդիական ալբոմներն ամբողջ աշխարհում վաճառվել են շուրջ 170 միլիոն օրինակով: