Բաժիններ՝

ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը․ WSJ

Սպիտակ տունը գերատեսչություններին հանձնարարել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Հանձնարարականներն անցյալ շաբաթ ուղարկել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։

Այս մասին հաղորդում է The Wall Street (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։

Հրապարակման մեջ նշվում է, որ հրահանգը փոխանցվել է Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ըստ պարբերականի՝ իրանական նավթի և սառեցված իրանական ակտիվների նկատմամբ ԱՄՆ-ի հիմնական սահմանափակումները կմնան անփոփոխ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտոնյաները չգիտեն՝ դադարեցումը վերաբերում է միայն նոր պատժամիջոցներին, թե՞ նաև արդեն գործողներին։ Որոշ բարձրաստիճան քաղաքական գործիչներ ընդհանրապես տեղյակ չեն եղել փոփոխությունների մասին և զարմացած են եղել հանկարծակի դադարեցումից։

WSJ-ի հարցմանն ի պատասխան՝ Սպիտակ տունը չի հերքել տեղեկատվությունը։ Նրանք նշել են, որ ցանկացած նոր որոշում կհայտարարվի համապատասխան գերատեսչությունների կողմից։ Սպիտակ տան որոշ պաշտոնյաների խոսքով, որոնց անունը չի նշվում, կասեցումը կապված է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին հետագա պատժամիջոցների մանրակրկիտ քննարկման հետ։ Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն փորձում է անտեղի չգրգռել Իրանին բանակցությունների ընթացքում։ Վաշինգտոնը մայիսի 21-ից ի վեր Թեհրանի դեմ նոր սահմանափակումներ չի կիրառել։

2025թ. փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու համար։ Մայիսի 23-ին Հռոմում տեղի է ունեցել Իրան-ԱՄՆ բանակցությունների հինգերորդ փուլը, որից հետո Թրամփը հայտարարել է, որ կողմերն առաջընթաց են գրանցել: Բանակցությունների գլխավոր հարցը մնում է հնարավոր համաձայնագրի շրջանակներում Թեհրանի կողմից ուրանի հարստացման սեփական ծրագրի իրավունքի պահպանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս