
Մենք պետք է ակտիվ լինենք, որ շվեյցարական կողմն էլ ակտիվ լինի. Վահրամ Բալայանը՝ Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևի մասին

Դեռևս մարտի 18-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել էր նախագիծ ՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ էին քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին՝ հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Այս նախաձեռնության նպատակն է՝ ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հայրենիք։
Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում էր Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը, որը կայացել էր նախորդ տարի դեկտեմբերի 17-ին։
Ի՞նչ գործընթացներ պետք է հետևեին բանաձևի ընդունմանը, ի՞նչ քայլեր պետք է իրականացներ հայկական կողմը, մասնավորապես՝ ՀՀ իշխանությունը։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը, խոսելով այս հարցի շուրջ, նախ ասաց՝ առիթներ եղել են, և այս որոշումը կայացնողների հետ Երևանում հանդիպումներ են ունեցել, սակայն մանրամասների մասին չի կարող բարձրաձայնել։
«Ճիշտ կլինի, որ սրա մասին առայժմ չխոսենք, ճանապարհային քարտեզի հաջորդականության մասին չբարձրաձայնենք։ Ըստ այդ որոշման՝ Շվեյցարիայի Կառավարությունը մեկ տարվա ընթացքում պետք է համաժողով գումարի, որին պետք է մասնակցեն Արցախի Հանրապետության ներկայացուցիչները և ներկայացուցիչներ Ադրբեջանից։ Նկատի ունեմ՝ ճանապարհ դեռ պետք է անցնի ընդունած բանաձևը, և քայլերի հաջորդականությունն առայժմ շատ չմանրամասնենք։
Այս պահին հարմարավետ ժամանակ չէ այդ պրոցեսը սկսելու, որոշ նախապատրաստական աշխատանքներ պետք է լինեն, որպեսզի դա տեղի ունենա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը։
Նրա խոսքով՝ շվեյցարական կողմի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ հայկական կողմը պետք է ակտիվ աշխատի՝ պետական մակարդակով և առհասարակ բոլոր հատվածներով։
«Հայկական կողմը պետք է ակտիվ լինի, այս հարցի շուրջ որոշակի գործընթացներ ձեռնարկի։ Այսինքն՝ մենք պետք է ակտիվ լինենք, որ շվեյցարական կողմն էլ ակտիվ լինի։ Իհարկե, այստեղ տրամաբանություն կա, հիմա մեր դարդին ու ցավին ո՞վ պետք է դարման անի, եթե ոչ՝ մենք, այնպես չէ, որ ուրիշները գիշեր-ցերեկ չեն քնում ու մեր խնդիրների մասին են մտածում։ Նախ մեր հարցերը մենք պետք է լուծենք, և այստեղ անհրաժեշտություն է որոշակի ակտիվությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմը, այնպես չէ, որ «գրկաբաց» է ընդունել Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևը, այս հարցը ևս շվեյցարական կողմի ներկայացուցիչների հետ քննարկել են Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Բանն այն է, որ Ադրբեջանն Արցախի էջը փակված է համարում, հիմա էլ փորձում է վերացնել հայկական հետքը. Այն, ինչը կապված է Արցախի Հանրապետության անվան հետ, փորձում են ոչնչացնել՝ ԱԺ, Կառավարության, Ազտամարտիկների շենքերը։ Անցել են նաև եկեղեցիների ուդիացման գործընթացին։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին 1,5 տարվա ընթացքում երևի 11 «մաֆիոզնի» ինչ-որ հանդիպումներ է կազմակերպել՝ ներգրավելով օտար ուժերի, փորձելով այդ ամենը ներկայացնել։ Ցավոք, վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել Վատիկանում։ Ադրբեջանը հերքում է, որ Արցախում հայ է ապրել, այն հայկական է, ու այնտեղ հայկական որևէ բան է ստեղծվել։ Փաստորեն Ադրբեջանն այս պահին նույն քաղաքականությունը փորձում է վարել Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը հայտարարում է, թե ՀՀ-ում եկեղեցիները, վանքերն աղվանական են, Փաշազադեն նույնիսկ Էջմիածնի եկեղեցին է իրենցը համարում։ Այս զառանցանքներն իրենք մշտապես անում են, հայկական կողմը սրան համարժեք քայլեր պետք էանի»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ցեղասպանության սպառնալիքի տակ Արցախից բռնի տեղահանեց 120 հազարից ավելի բնակիչներ, իսկ մինչ այս Արցախն 9 ամիս պահել էր տոտալ շրջափակման մեջ՝ փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ՝ Բերձորի ճանապարհը։ Դրան զուգահեռ՝ կրկին բնակիչներին ֆիզիկապես ոչնչացնելու վտանգի տակ գերեվարեց ու Բաքու տեղափոխեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ նրանց առաջադրելով ծանրագույն տարբեր մեղադրանքներ։