
Մարդն առանց հայրենիքի քաղաքակրթական ինքնություն և հիշողություն չունի. Մարիամ Մարգարյան

Մարդը առանց պետության անվտանգ չէ…
Առանց ազգային պատկանելության Մարդ չկա…
Գիտական գրականության մեջ «ՀԱՅՐԵՆԻՔ» հասկացությունն ուսումնասիրվում է որպես բնապատմականորեն ձևավորված երևույթ և բացարձակ արժեք: Հայրենիքը, որպես մարդկային աշխատանքի և ստեղծագործության շնորհիվ բնական նախակառույց, ամփոփում է կենսափորձի մեջ յուրացված պատմական ժամանակը նյութական և հոգևոր մշակույթում։
Երկիրը հայրենիք է դառնում միայն այն ժամանակ, երբ նրա բնակչությունն այն ընկալում է՝ որպես իրեն անցյալ, ներկա ապագա եռաչափության մեջ համակեցության, անվտանգության, պատասխանատվության, կյանքի կազմակերպման մշակույթի փորձառություն ամբարած համակարգ: Այստեղ որոշիչը պատմականության ընկալման ժամանակատարածական այն չափումն է, որի տիրույթում նյութական և հոգևոր մշակույթի արարման գործընթացը կյանքի կազմակերպման յուրահատուկ կենսաքաղաքականություն է մշակել՝ ձևավորելով և զարգացնելով նրա ինքնությունը: Այսպիսով, հայրենիքը՝ որպես պատմականորեն ձևավորված օբյեկտիվ մեծություն, առաջին հերթին քաղաքակրթա-մշակութային արժեք է՝ հիմնված տվյալ ժողովրդի կողմից իր ապրածի պատմական փորձառության և ունեցած ժամանակատարածական փոփոխությունների վրա, որը դրվել է կյանքի կազմակերպման մշակույթի հիմքում։
Բերենք մեկ օրինակ, որը, հուսով ենք, կօգնի ընթերցողին հասկանալ Հայրենիքի մեր սահմանումը։
20-րդ դարի սկզբին «Մշակույթի մորֆոլոգիա» տեսության մշակութային շրջանակների դիֆուզիոնիստական տեսության հիմնադիր գերմանացի ազգագրագետ աֆրիկանիստ Լեո Ֆրոբենիուսը (Leo Frobenius,1873-1938), ուսումնասիրելով գրեթե ողջ Աֆրիկան, իր աշխատության մեջ ոչ միայն նկարագրել է այն, ինչ տեսել է, այլև փորձել է տեսածը ներկայացնել՝ որպես իր կողմից ձեռք բերված (վերապրած) կենսափորձ՝ գնահատելով դրա քաղաքակրթական իմաստը:
Եթե ելակետ ընդունենք այս մոտեցումը, ապա Հայրենիքն այն տարածությունն է, որտեղ Մարդը ապրում է (իրական, վիրտուալ)՝ սովորելով գնահատել և փորձել խորանալ դրա իմաստի մեջ: Այդ միջոցով մարդը ոչ միայն որոշում է հայրենիքի (անցյալ, ներկա) նշանակությունն իր անձնական կյանքի կազմակերպման և ճակատագրի վրա ունեցած ազդեցության վրա, այլ փորձում է նույնանալ այն վեհ, հզոր ժամանակի մեջ գործող լիդերների հաղթանակների հետ, փորձում է իր հաղթանակը կերտել և կայանալ՝ որպես առաջնորդ։
Կա նաև հակառակ կողմը՝ օգտակար լինելու, աշխատելու, շենացնելու և ունենալու ինքնաբավարարման զգացումը: Ինքնահաստատվեցի, ինքնիրացվեցի և ինքնակայացա՝ հզորացնելով իմ հայենիքը, իմ երկիրը: Այստեղից էլ Հայրենիքի գաղափարը ձևավորվում է պատմական իրադարձությունների հորձանուտում զարգացած այն մշակութային շերտերի վրա, որը բյուրեղանում է ավանդույթների, սովորույթների, կարծրատիպերի և կրկնվող հասարակական գործընթացների շնորհիվ: Սակայն որպես հիմք և նախապայման ներառելով անցյալի ժամանակային պարույր Հայրենիքի. առանցքում ներկան է, և որպես տեսլականի հեռանկար՝ ապագան։
Հայրենիքի գաղափարը ձևավորվում է պատմության հոլովույթում, բայց նրա պատմականությունը հարաբերականություն է: Այն, ինչ կարելի է անվանել հավերժական կեցություն՝ հավերժական է ոչ թե դեպի անսահմանություն գնացող ուղիղ գծի իմաստով, այլ որպես ժամանակատարածականություն (խրոնոտիպիա), իր մեջ ներառած զարգացող համակեցություն։
Այս առումով կարելի է խոսել Հայրենիքի՝ որպես պատմական կատեգորիայի հավերժության մասին։
Հայրենիքի ընկալումը պատմականորեն փոփոխական է, բայց ժամանակատարածական հոլովույթում այն պահպանում է իր որակը, այսինքն՝ միշտ մնում է Հայրենիք, առանց որի հնարավոր չէ ընդհանրացնել և վերլուծել ո՛չ մարդկային տվյալ Տեսակի պատմությունը, ո՛չ էլ անհատի կենսափորձը։
Բայց հավերժության մեկ այլ կողմ կա՝ ուսումնասիրողը ո՞ր մակարդակում կարող է դուրս գալ բուն պատմության սահմաններից և փորձել ցույց տալ, թե ո՞րն է «Հայրենիք» հասկացության էությունը։
Տեղին է հիշել ուղղափառ փիլիսոփա Ի. Ա. Իլյինին, որը Հայրենիքը սահմանել է որպես ժողովրդական կենցաղում արմատացած և կապված այս ժողովրդի օրրան դարձած բնակավայրի հետ: Բայց միայն «հայրենիքը աստվածայինի հետ նույնացնելու» արդյունքում է, որ բնակավայրը դարձնում է Երկիր և Հայրենիք: Իսկության դեմ մեղանչած չենք լինի, եթե փաստենք, որ աշխարհի ժողովուրդների հոգևոր կյանքը կազմակերպվել և շարունակում է կազմակերպվել կրոնական աշխարհայացքի նշանի ներքո։ Աշխարհայացքային այս ընկալմանը համահունչ են եղել այն հոգևոր արժեքները, որոնք իրենց բարոյական, համակեցային, կենսասիրական որակներով սրբացվել են։ Այսօրինակ մոտեցումը թույլ է տալիս ընդհանրացնել, որ Հայրենիքը որոշակի սերնդի կողմից ստեղծած արժեքները եկող սերունդներին փոխանցելու ամբողջություն է: Որպես այդպիսին՝ այն բարիք է մարդու, հասարակության համար և հոգևոր, և նյութական իմաստով Մոտեցումը ավելի ընդգրկուն դարձնելու համար շեշտենք նաև, որ նեոկանտանների համար Հայրենիքը՝ իր հոգևոր էությամբ, ոգեղեն Գերաշխարհ է, որի հզորացումը պայմանավորված է քո արարումից, իսկ քո կայացումը երաշխիք է նրա հզորացման:
Հայրենիքի փիլիսոփայական բնութագրումն ամբողջական չի լինի, եթե չշեշտադրենք նրա մշակութաքաղաքակրթական առանձնահատկությունները։ Այս ամբողջական բնութագիրը, նախ, կառուցվում է Հայրենիքի հայեցակարգի պատմականության վրա, ապա ենթադրվում է, որ համակարգային գործառնվող համակեցային նորմերն ընդունվում են ժողովրդի կողմից:
Համաշխարհային պատմությունը ժողովուրդների պատմությունն է։ Իսկ թե ինչպե՞ս են ներդաշնակվում Հայրենիքը և Ժողովուրդը՝ որպես մշակութային, ֆիզիկական-մարդաբանական մտավոր և ռասայական միասնություն, կներկայացնեմ հաջորդ անգամ…
ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ