
Այսօր էլ կարծես կրկնվում է 1918 թվականի պատմությունը. մեր հարևանը մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա է. Ամատունի Վիրաբյան

Այսօր հայ ժողովրդի համար ազգային տոն է. 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց ՀՀ Առաջին Հանրապետությունը։ Չնայած Առաջին Հանրապետության կյանքը կարճ տևեց՝ 2,5 տարի, սակայն այն կարևոր դերակատարում ունեցավ հայկական պետության համար։
Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, խոսելով օրվա խորհրդի և դրա նշանակության մասին, նկատեց՝ Առաջին Հանրապետության անկախությունը հռչակվեց Հայոց ազգային խորհրդի կողմից՝ Թբիլիսի քաղաքում, որը հայ մտավորականության, քաղաքական գործիչների կենտրոնն էր, և Հայոց ազգային խորհուրդը նույնպես գտնվում էր այնտեղ։
«Սա արդյունք էր նաև Մայիսյան հերոսամարտերի, որը ես կանվանեի հրաշք, քանի որ հայկական զորքը, բանակը, սկսած 1918 թվականի հունվարից, նահանջելով և առանց դիմադրության հանձնել էր Երզնկան, Կարինը, Կարսը, Սարիղամիշը։ 1918 թվականի մայիսի 15-ին էլ Ալեքսանդրապոլը հանձնվեց փոքր դիմադրությունից հետո, գրեթե դիմադրություն չեղավ։ Դրանից հետո հրաշք կատարվեց 3 վայրերում՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում, որտեղ բոլորը կանգնեցին ու ցուցաբերեցին դիմադրություն։ Սարդարապատում և Բաշ-Ապարանում թուրքական զորքը նահանջեց, Ղարաքիլիսայում ռազմամթերքի պակասի պատճառով հայկական զորքը ստիպված եղավ նահանջել Դիլիջան ու Թբիլիսի։
Առաջին Հանրապետության հռչակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մենք 1000 տարի հայկական բուն Հայաստանում, Անիի գրավումից հետո՝ 1045 թվականին, զրկված էինք անկախությունից։ Եվ այդ ամենից հետո 1918 թվականին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Այլ ելք չկար, որովհետև մեր հարևան 2 ժողովուրդները՝ վրացիները և Բաքվի թուրքերը, իրենց անկախությունը հռչակեցին մայիսի 26-ին, 27-ին։ Մենք ևս պետք է հռչակեինք մեր անկախությունը, դա դժվար էր, որովհետև մենք թուրքերի դեմ մնալու էինք միայնակ, սակայն այդ անկախությունով այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ամատունի Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ Առաջին Հանրապետությանը ժառանգեց Խորհրդային Հայաստանը, որն ապրեց 70 տարի, իսկ Խորհրդային Հայաստանին ժառանգեց այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։
«Այսօր մենք աշխարհի ժողովուրդների շարքում ենք ՄԱԿ-ում, մեր դրոշը ծածանվում է այնտեղ։ Ցավում եմ, որ մեր անկախությունն ինչ-որ քաղաքական ելևէջների պատճառով այսօր խնդրահարույց է դարձել, խնդիրներ են առաջացել, բայց հավատում եմ, որ այդ անկախությունը հավերժ կլինի այնքան, որքան մարդկությունն ու երկրագունդը»,- հավելեց պատմաբանը։
Ամատունի Վիրաբյանը նմանություններ է տեսնում 1918 թվականի Հայաստանի և այսօրվա Հայաստանին սպառնացող վտանգների միջև։
«1918 և 1920 թվականներին մենք հայտնվել էինք մի պետության առաջ, որը բազմամարդ էր բնակչության քանակով, իր տարածքով, դա սկզբում Օսմանյան Թուրքիան էր, հետո՝ Քեմալական Թուրքիան։ Մենք մեն-մենակ էինք մնացել Թուրքիայի առջև։
Այսօր էլ կարծես թե կրկնվում է 1918 թվականի պատմությունը. մեր հարևանը, օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից, ոչ բացահայտ, ինչ-որ բանակցություններ առաջ մղելով՝ հարաբերությունները կարգավորելու համար, ինչ-որ քայլեր է անում, բայց վերջին հաշվով նա գտնվում է մեր մայրաքաղաքից ընդամենը 40 կմ հեռավորության վրա։ Այո՛, ինքս նման զարգացումներ տեսնում եմ, տա Աստված, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվի»,- ընդգծեց Ամատունի Վիրաբյանը։
Նշենք, որ 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր, արտաքին գործերի նախարարը` Ալեքսանդր Խատիսյանը, ներքին գործերի նախարարը` Արամ Մանուկյանը, զինվորական նախարարը` գեներալ Հովհաննես Հախվերդյանը: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: