Հրատապ․ Փաշինյանի «վերջին կռիվը» կամ «քյասիբների» բանակի ուրվականը. Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը յութուբյան ուղիղ եթերում անդրադառնալով իշխանական պատգամավորի ներկայացրած գումարի դիմաց բանակից ազատվելու անունն ստացած օրինագծի վերաբերյալ քննարկումներին և ՄԻՊ-ի կողմից այն խնդրահարույց համարելուն, նշեց, որ որևէ մեկը իրեն չի կարող համոզել, որ ՄԻՊ-ը գործում է քաղաքական իշխանության կամքից անկախ։

«ՄԻՊ-ի հայտարարությունն ինձ ենթադրել էր տալիս, որ ամեն ինչ չէ, որ այս օրինագծի հետ կապված հարթ է ընթանում և իշխանությունները որոշակի հետքայլի հնարավորություն են պահպանում իրենց համար։ Մի ենթադրությունը սա է, թե ինչու հանձնաժողովն այսօր նիստ չարեց»,-ասաց նա՝ նշելով, որ երկրորդ խնդիրը կարող է լինել այն, որ իշխանականների թիվը այսօր հանձնաժողովում քիչ էր, և իշխանությունը մտածել է, որ եթե հարցը դնեն քվեարկության, գուցե տապալվի։

Նրա դիտարկմամբ՝ այս օրինագծով իշխանություններն առաջարկում են օրինականացնել կոռուպցիան․ «Բացի այն, որ դեգրադացնում են բանակը, առաջացնելու են նաև կոռուպցիոն նոր ռիսկեր։ Կառավարությունը մի կողմից քաղաքացուն քերելու նոր լծակներ է ձեռք բերում, մյուս կողմից հասարակության դեգրադացիայի նոր մակարդակ սահմանում։ Օրինակ՝ աղքատները ստիպված պետք է տներ վաճառեն, գրավադրեն, որպեսզի իրենց երեխաներին ազատեն բանակից։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ գույքի ցենզով կամ սոցիալական խտրականության արատավոր սկզբունքով մահը դարձվում է քյասիբների, աղքատների ճակատներին դաջված բան։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր ՀՀ բանակը, ցավոք, նույնանում է մահվան հետ այն իմաստով, որ ՀՀ իշխանությունն այնքան ապաշնորհ է, որ չի լուծել խաղաղության հարցը, ընդհակառակը՝ իր քաղաքականությամբ միշտ և ամեն օր անվտանգային ռիսկերն ավելացնում է․․․ Ստացվում է՝ հարուստները գումար են վճարում մահվան ուղեգիր ձեռք չբերելու համար, իսկ ԶՈւ-ն դառնում է հասարակության չքավոր խավերի մահվան ուղեգիրը․․․»։

Նա չբացառեց, որ Փաշինյանը նաև քաղաքական խնդիր է լուծում ընտրություններից առաջ՝ փորձելով իր համար հարուստ մարդկանցից էլեկտորալ բազա ստեղծել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս