
Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա տարածաշրջանային երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա. Արմեն Գրիգորյան
Խաղաղության գործընթացն ունի շատ կոմպոնենտներ, և դրանցից մեկը տարածաշրջանային երկրների միջև տնտեսական փոխհարաբերությունն է, բայց նաև նախագիծը հնարավորություն է տալիս, որպեսզի այլ երկրները ևս ներգրավված լինեն գործընթացում: Այս մասին, այսօր՝ մայիսի 26–ին, «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տնտեսական նախագիծ է, որի նպատակն է ապաշրջափակել Հարավային Կովկասի տարածաշրջանի հաղորդակցությունները, տարածաշրջանում փոխկապակցվածություն ստեղծել, մեծացնել փոխկապվածությունը՝ խթանելու համար տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,-ասել է նա:
Նա հավելել է, որ Հայաստանի համար կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության հիմքի վրա, ինչը նաև շատ կարևոր է խաղաղության կոնտեքստում։
«Ապաշրջափակման կոնտեքստում մենք շատ կարևոր ենք համարում հավասարության և փոխադարձության սկզբունքները, որովհետև սրանք են հիմնական սկզբունքները, որոնք հնարավորություններ են ստեղծում բոլորի, ոչ թե առանձին երկրների համար։
Հիմա Հայաստանը իրականացնում է շատ ծրագրեր, որոնք Խաղաղության խաչմերուկի մաս են։ Օրինակ, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, որը շատ կարևոր է փոխկապակցվածության առումով, բայց նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացում է ենթադրում։ Հայաստանի կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ինտենսիվորեն ներդրումներ է անում ՀՀ ենթակառուցվածքների մեջ՝ բերելով դրանք այնպիսի մակարդակի, որպեսզի դրանք տարածաշրջանային ենթակառուցվածքներին փոխկապակցվելու հնարավորություն ունենան։ Մենք հրավիրում ենք տարածաշրջանային երկրների և գլոբալ համայնքին ներգրավվել այս գործընթացում և ներդրում անել տարածաշրջանում խաղաղության մեջ»,- եզրափակել է Գրիգորյանը։