ՀՅԴ-ն քննարկում է ընտրություններին առանձին գնալու հարցը, Ռոբերտ Քոչարյանն արդեն ունի ընտրական ցուցակ․ Նարեկ Մալյանը փակագծեր բացեց

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով «Արթուն ենք» քաղաքացիական շարժումը, որը հայտնի էր քաղաքական ու հանրային գործիչներ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի դեմքով, ապրիլի 28-ին ԱԺ բոլոր պատգամավորներին նամակներ ուղարկեց։ Շարժման անդամները շեշտեցին՝ նախևառաջ ընդդիմադիր երկու խմբակցություններից են քայլեր ակնկալում։

Եթե օրեր անց «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, և պատրաստակամություն հայտնեցին առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը, ապա «Հայաստան» խմբակցությունը կասկածներ հայտնեց այս գործընթացի նպատակների շուրջ։

««Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։

Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ: Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»,- ասված էր խմբակցության տարածած հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

«Ես պրագմատիկ մարդ եմ․ մտնեմ մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի` ինձ համար իսկապես դա հետաքրքիր չէ»,- նախօրեին էլ հայտարարեց այս խմբակցության քաղաքական առաջնորդը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Արձագանքելով Երկրորդ նախագահի այս և այլ հայտարարություններին՝ Նարեկ Մալյանն այսօր ուղիղ եթերում նշեց․ «Ես դեռ ապրիլի 28-ին էի հայտարարել, որ ՀՀ-ում կա երկու մարդ, որ դեմ է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին, անվստահության գործընթացին, մեկը՝ հենց Նիկոլ Փաշինյանն է՝ հայտնի պատճառներով, որովհետև չի ցանկանում իշխանությունից հեռանալ, մյուսը՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»։

Գործընթացը նախաձեռնած գործիչը հիշեցրեց, որ երբ ավելի վաղ նման տեսակետ էր հայտնում, մի խումբ քոչարյանականներ աղաղակում էին, թե նախագահը երբեք նման բան չի ասել։

«Այսօր Երկրորդ նախագահը պաշտոնապես հայտարարեց այն, ինչ ես ասել էի ապրիլի 28-ին, հետևաբար, ինտերնետային քոչարյանականների այդ աղաղակները, թե իբր նա երբեք նման բան չի ասել, որ նա այն մարդը չի, որ որևէ գործընթացի չմիանա, պարզվեց՝ այնքան էլ ճիշտ չէ,- նկատեց Նարեկ Մալյանը՝ մանրամասնելով,-

Ընդ որում, պարոն նախագահը բավականի խոցելի խոսքով է հանդես եկել կոնկրետ իմպիչմենտի մասով։ Ինձ համար ապշեցուցիչ էր հետևյալ խոսույթը, որ նա հայտարարեց, որ Սահմանադրությանը հղումներ անելը լուրջ չէ։ Այսինքն՝ ստացվում է, որ պարոն Քոչարյանի համար Սահմանադրությանը հղումները լուրջ չեն․ այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչն է լուրջ նրա համար, որովհետև, ըստ իս, ցանկացած մարդու, հատկապես՝ նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու համար, և մարդու, որ քաղաքականությունում ակտիվ ներկայություն է փորձում պահպանել, Սահմանադրությունն ամենալուրջ բանը պետք է լիներ»։

Իսկ ըստ Մալյանի՝ իշխանափոխության վերջաբանը բացառապես սահմանադրական ճանապարհով է տեղի ունենալու։ Այս դրվագում նա ամենաթարմ օրինակը հիշեցրեց, թե ինչպես 2018 թվականին փողոցում մեկնարկած գործընթացին զուգահեռ՝ պառլամենտում էր գնում գործըթնաց, որից հետո եղավ իշխանափոխություն։

Անդրադառնալով գեներացվող այն տեսակետներին, թե ինքը թիրախավորել է «Հայաստան» խմբակցությանը, նա դարձյալ հայտարարեց՝ Հայաստանում կա երկու մարդ, որը դեմ է Փաշինյանի իմպիչմենտին՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ապա շեշտեց․ «Ինչպես տեսնում եք, այս արտահայտության մեջ չկա «Հայաստան» խմբակցության անունը, և քանի դեռ չունեմ այդ խմբակցության պատգամավորների տեսակետներն այս հարցի կապակցությամբ, ես որևէ բան չեմ կարող ասել»։

Նա վստահեցրեց՝ իրեն վերագրվող թիրախավորումն ամենևին իրականությանը չի համապատասխանում։

«Ռոբերտ Քոչարյանն ինչքան էլ դեմ լինի այդ գործընթացին, նա իմպիչմենտի սուբյեկտ չի հանդիսանում, և ոչ էլ օբյեկտ է․ օբյեկտ է հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, իսկ սուբյեկտները՝ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորները։ Ռոբերտ Քոչարյանը կարող է իր կարծիքն ունենալ այս գործընթացի նկատմամբ, դա, մեծ հաշվով, ինձ կամ էդգար Ղազարյանին, կամ ձեզ, հարգելի հայրենակիցներ, չի վերաբերում։ Այդ մասնավոր կարծիքը չի վերաբերում մինչև այնտեղ, երբ այդ կարծիքը նա փորձում է պարտադրել ՀՀ ԱԺ պատգամավորներին․ խոսքը «Հայաստան» խմբակցության մասին է։ Այսինքն՝ իր նեգատիվ մոտեցումը գործընթացի վերաբերյալ նա պարտադրում է, իր կարծիքով՝ իր ռեսուրսը հանդիսացող ԱԺ 28 պատգամավորներին։

Մենք հիշում ենք, որ այդ նույն գործելաոճը, որ wհatsapp-ից սմս-ներ ստանալով՝ պատգամավորները դուրս են գալիս, խոսում են, քննադատում են, բազմիցս տեսել ենք, բայց տեսել ենք ՔՊ-ական պատգամավորների մոտ, և այդ երևույթն անվանել ենք «ուսապարկիզմ»։ Առ այս պահը դեռ բաց է մնում հարցը՝ արդյո՞ք «Հայաստան» խմբակցության պատգամավորները կընտրեն ուսապարկային գործելաոճը (չխառնել ներխմբակցային կարգապահության հետ), թե՞ իրականում որոշում կկայացնեն, որ հերի՛ք է՝ ինչքան իրենց ստորացնում են քպ-ականները ԱԺ-ում, կթքեն այդ արտասահմանյան պոեզդկաների վրա, որ գնում են ՔՊ-ականների հետ, պարգևավճարների վրա, որ գուցե չեն էլ ստանում, ու իրական, ռեալ արդյունավետ պայքար կսկսեն Նիկոլ Փաշինյանի հեռացման նպատակով։ Սա մենք դեռ կտեսնենք։

Մենք այս պահի դրությամբ միայն ունենք Ռոբերտ Քոչարյանի կարծիքը,- նշեց Նարեկ Մալյանը՝ հավելելով,- Ժողովո՛ւրդ ջան, ձեզ համար հարց է, չէ՞, առաջանում՝ ինչու է Ռոբերտ Քոչարյանը տորպեդահարում այս պրոցեսը, որ հանկարծ իմպիչմենտի գործընթաց չսկսի, ու հանկարծ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականից շուտ չհեռանա։ Ի դեպ, այս հարցը շատ եմ լսում։ Այլևս փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը սպասում է 2026 թվականին․ խնդիրն այն է, թե իր հետ ինքն ինչքան մարդ կսպասեցնեի․ ինքն ուզում է իր պատկերացումներով իր խմբակցությունը սպասեցնի, փչացնի մինչև վերջ (որովհետև չորեքշաբաթի օրվա նիստերը ամեն անգամ ավելի ծանր են անդրադառնում)»։

Իր մյուս դիտարկումներում հանրային գործիչը տեղեկացրեց՝ ՀՅԴ-ն ակտիվ քննարկում է Ռոբերտ Քոչարյանից առանձին 2026 թվականի ընտրություններին մասնակցելու հարցը, իսկ Ռոբերտ Քոչարյանի մոտ արդեն պատրաստ է ընտրությունների մասնակցության ցուցակը, որտեղ այսօրվա խմբակցությունը ներկայացնողներից գրեթե ոչ ոք ընդգրկված չէ։

«Հաստատ լինելու է Արեգնազ Մանուկյանը և Էլինար Վարդանյանը․ մնացած բոլորին փոխարիենլու են կոչուբաևները և «դոլար անդոյի» ներկայացուցիչները, անցողիկ տեղերում հայտնվելու են միանգամայն ուրիշ մարդիկ, ձեզ շնորհակալություն են հայտնելու ձեր ծառայությունների համար, թփթփացնելու են ձեր ուսին, և դուք այս պրոցեսին չմիանալու և ամեն չորեքշաբթի քֆրտոց ուտելու արդյունքում վարկաբեկված՝ գնալու եք տուն»,– դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ ասաց նա՝ նշելով, որ այս մասին ասել է խմբակցության պատգամավորների հետ մասնավոր զրույցներում ևս։

«Մինչև 2026 թվականը Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի նախաձեռնելու, որովհետև իրեն ձեռք է տալիս ստատուս-քվոն, այսինքն՝ ինքը 2026 թիվ մտնի՝ որպես ընդդիմության ֆավորիտ»,- վստահեցրեց Նարեկ Մալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս