«Արևմտյան Ադրբեջանի» քարոզչական միֆի հորդանանյան արտացոլումը

«Գեղարդ» վերլուծական․ 2025 թվականի մայիսի 15-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի է ունեցել Հորդանանում Ադրբեջանի դեսպանատան և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան համայնքի» կողմից համատեղ կազմակերպված գիտաժողով՝ «Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով» խորագրով։ Միջոցառման շրջանակներում ավելի ուշ Ադրբեջանի դեսպանատանը բացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի մշակույթը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են գորգեր, հագուստներ, զենք-զրահ, ինչպես նաև՝ իբր թե Երևանում հատված Սեֆյան ժամանակաշրջանի 5 մետաղադրամներ։

Բացման խոսքում Հորդանանում Ադրբեջանի դեսպան Էլդար Սալիմովը նշել է, որ համաժողովը մարմնավորում է մի ամբողջ «ժողովրդի» իրավունքների, մշակույթի և հոգևոր ժառանգության վերականգման նպատակով տարվող համատեղ ջանքերը։ Վերջինիս խոսքով՝ միջոցառման շրջանակներում նախատեսվող ելույթները, քննարկումներն ու առաջարկվող նախաձեռնությունները իբր թե նպաստելու են «արևմտյան ադրբեջանցիների» մշակութային ժառանգության, պատմական հուշարձանների, բանահյուսության և ազգային-հոգևոր արժեքների պահպանմանն ու տարածմանը։

Հորդանանի փոխվարչապետ Մուհամմադ Ալ-Մալքավին, ով հանդիսանում է նաև «Մերձավոր Արևելքում խաղաղության մշակույթի միության» ղեկավար, բարձր է գնահատել «բարեկամ և եղբայրական» երկու ժողովուրդների միջև առկա մշակութային կապերն ու ընդհանուր արժեքները: Նա ընդգծել է իր մասնակցության կարևորությունը դեռևս 2023 թվականի դեկտեմբերին Բաքվում կայացած «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» միջազգային համաժողովին և կարևորել «ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»:

Լրջագույն անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյան և համապատասխան կառույցները ոչ մի ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ կազմակերպված գիտաժողովն ու միջոցառումները նվիրված են եղել հորինված քարոզչական միֆ «Արևմտյան Ադրբեջանին» և միտված են ծառայել արաբ ժողովրդին մշտապես բարեկամաբար տրամադրված հայ ժողովրդի տարածքային և պատմամշակութային ժառանգության յուրացմանը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի կողմից նման միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպումը, որոնք ակնհայտորեն նպատակաուղղված են շինծու «Արևմտյան Ադրբեջան» հասկացության միջազգայնացմանը։ Ադրբեջանի այս գործողությունները վկայում են տարածաշրջանային կայունությունը խաթարելու և պատմական իրականությունը խեղաթյուրելու Բաքվի հետևողական ռազմավարության մասին։ Տարբեր երկրներում «Արևմտյան Ադրբեջան» անհիմն ձևակերպման օգտագործմամբ նման միջոցառումների կազմակերպումն ուղղված է պատմական փաստերի խեղաթյուրմանն ու տարածաշրջանում լարվածության պահպանմանը։

Տեսանյութեր

Լրահոս