
Այս հանդիպման մասին՝ ըստ էության․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Իսկ ըստ էության, այստեղ կա մի պարբերություն՝ «անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը և կարևորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը»:
Ինչո՞ւ է «անդրադարձ» կատարվել, եթե այդ «Խաչմերուկ» ծրագիրը Նիկոլ Փաշինյանը շատ շատ վաղուց է ներկայացրել բոլորին էլ, այդ թվում ԵՄ-ին, ֆոն դեր Լայենին ու Անտոնիո Կոշտային:
Եթե «անդրադարձ է կատարվում», ապա դա նշանակում է, որ քննարկվում է որևէ առարկայական բան՝ կապված այդ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ: Ընդ որում, թերևս սրա մասին վկայում է և այն, որ նախօրեին Բրյուսել է մեկնել ու Եվրահանձնակատար Կալասի հետ հանդիպել Արարատ Միրզոյանը, որը Լյուքսեմբուրգում մասնակցում էր ԵԽ նախարարական կոմիտեի նիստին:
Ես այդ առնչությամբ երեկ առավոտյան արտահայտվեցի, որ Միրզոյանի այցն ըստ ամենայնի պայմանավորված է ինչ որ ճշգրտումների անհրաժեշտությամբ եւ բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստությամբ: Փաստորեն, նախապատրաստվել է հանդիպումը Ալբանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում:
Վերստին հիշեցնեմ նաև Կալասի Բաքու այցը, Կենտրոնական Ասիայի հետ կապի մասին և Ադրբեջանի դերի մասին նրա հայտարարությունները, և ապրիլի սկզբին ֆոն դեր Լայենի հայտարարությունները Միջին միջանցքով «անխոչընդոտ սահմանների» մասին:
«Խաղաղության խաչմերուկին» անդրադարձը կատարվել է անկասկած հենց այդ համատեքստում: Թե որքանով են համադրված Երևանի ու Բրյուսելի պատկերացումներն ու մոտեցումները այդ «անդրադարձի» շրջանակում, եզրակացնելու համար դեռևս չկա բավարար տեղեկատվություն»: