
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի տունը հրդեհած տղամարդը ուկրաինացի էր. BBC

Մեծ Բրիտանիայում օրեր առաջ ձերբակալվել էր վարչապետ Սթարմերի տունը հրկիզելու փորձ կատարած կասկածյալը: 21-ամյա ձերբակալված տղամարդու ինքնությունը չէին բացահայտում։ Նա մեղադրվում է ևս երկու հրկիզման փորձի մեջ․ մեկը՝ մեքենայի, մյուսը՝ նույն տարածքում գտնվող բնակելի շենքի։
BBC հեռուստաալիքի հաղորդմամբ` Սթարմերի Լոնդոնում գտնվող տունը, հնարավոր է, հրկիզվել է Ուկրաինայի քաղաքացու` 21-ամյա Ռոման Լավրինովիչի կողմից: Նա հրկիզել է Սթարմերի Քենթիշ Թաուն տարածքում գտնվող առանձնատունը, ինչպես նաև այն շենքը, որտեղ նախկինում ապրել է վարչապետը։ Բացի այդ, տղամարդը հրկիզել է մեքենան։
Լավրինովիչը պետք է դատարան ներկայանա ուրբաթ օրը։
Հրդեհի մասին առաջինը հայտնել էր «Թայմս» թերթը, որի տվյալներով՝ հրդեհը վնասել է շենքի մուտքի դուռը։
Տունը, որտեղ Սթարմերն ապրել է մոտ 20 տարի՝ մինչ Դաունինգ սթրիթում գտնվող իր պաշտոնական նստավայր տեղափոխվելը, գտնվում է Լոնդոնի հյուսիսում՝ Քաունթես Ռոուդում։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ վարչապետն այժմ իր տունը 2.6 միլիոն դոլարով վարձակալության է տրամադրում։
«The Telegraph» թերթի պնդմամբ`Սթարմերի տան հրկիզման հետևում կարող է կանգնած լինել «թշնամական պետություն»։