
«Այս իշխանությունը նպատակաուղղված ջնջում է մեր պատմական անցյալը ՝ թե՛ խորհրդանիշերից, թե՛ օրացույցից, թե՛ պետությունից»

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած հայտարարությունը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 80-ամյակին, մերժվեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Փաստաթղթի առանցքում էր հայ ժողովրդի անմահ ներդրումը ֆաշիզմի դեն համաշխարհային պայքարում, և Շուշիի ազատագրումը՝ որպես նորօրյա հաղթանակի նշանաբանում։
Բայց այս նախագիծը մերժվեց՝ նույն ձեռագրով, որով Նիկոլ Փաշինյանն ու իր կապիտուլյանտ իշխանությունը տարիներ շարունակ կաթեցնում են ազգային հիշողությունը՝ փոխարինելով այն կեղծ «կառուցողականությամբ» ու լռությամբ։
Երկրորդ համաշխարհայինում պայքարած 600.000 Հայի անունն ու 300.000 զոհված Հերոսի հիշատակն այլևս չեն պատկանում պետական օրակարգին։ Նրանք Փաշինյանի ու իր ուսապարկերի համար դարձել են անցանկալի հիշեցումներ այն Հայաստանի մասին, որի թիկունքը դեռ ողնաշար ուներ։
Նույն այս իշխանության ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել հայտարարություններով, ըստ որոնց՝ չեն ուզում, որ Հայ զինվորները 9 Մայիսին ներկա լինեն Հաղթանակի շքերթին Մոսկվայում։ Նրանք չեն ուզում, որ մեր զինվորները քայլեն այդ խորհրդանշական, հաղթական տեղով՝ փոխարենը ապավինում են արևմտյան դրամաշնորհների ու դավաճանական ուղղորդումների։
Նիկոլ Փաշինյանի համար մայիսի 9-ը տհաճ օր է։ Այն հիշեցնում է, որ հայ ժողովուրդը կարող էր և կարող է հաղթել, եթե առաջնորդվում է կամքով, ոչ թե օտարի հրահանգով։ Հենց այդ պատճառով է, որ Շուշիի հաղթանակը համակարգված կերպով լռեցվում է՝ վերածելով վտանգավոր մոռացության։
Այս իշխանությունը նպատակաուղղված ջնջում է մեր պատմական անցյալը ՝ թե՛ խորհրդանիշերից, թե՛ օրացույցից, թե՛ պետությունից։ Այդ ամենը՝ հօգուտ կապիտուլյացված արտաքին քաղաքականության։
Եվ երբ նոր ֆաշիզմն այսօր գլուխ է բարձրացնում՝ Արցախում, Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում՝ մեր իշխանությունը կրկին լուռ է։ Բայց երբ պետությունն է լռում, ժողովուրդը պարտավոր է խոսել։
Մեր պատմությունը մաքրագրելու կարիք չունի։ Պետք է պարզապես հիշել ու պաշտպանել այն ամեն գնով»։