Լույս իջնի շիրիմիդ, Գևորգ Արշակյան… Ազատագրված Արցախ լինելու է… Դու հանուն ոչնչի չես զոհվել, քո արյամբ Արցախի հողն է ապրում…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 23-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման:
Այս մասին հայտնում է Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Նաիրա Հովսեփյանը հրավիրել էր նաև Աննա Հակոբյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանին, դե, բնականաբար, արդարադատության նախկին փոխնախարար, այսօր ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին, ԲԴԽ մյուս անդամներին, հաաաա ու մեկ էլ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին, ում հազիվ նշմարեցինք ետին շարքերում՝ Արգիշտի Քյարամյանի գլխի հետևում, և ով, փաստորեն, այդպես էլ չգիտակցեց իր մանդատի ուժն ու արժեքը:
Գևորգ Արշակյանն ապրում էր Արցախով ու զոհվեց Արցախում՝ նոյեմբերի 7-ին, երբ արդեն հանձնված էր Շուշին: Հենց Շուշիում էլ ծանր վիրավորվել էր:
Շատերը Գևորգին կհիշեն հենց «Ամենախելացին» խաղից, որում տղան իր ողջույնի խոսքը եզրափակեց Գարեգին Նժդեհի խոսքերով․ «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»։ Գևորգ Արշակյան լույսը զոհվեց, որ մենք Արցախ ունենանք:
Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, երբ Ազգային ժողովում՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, ելույթ էր ունենում, պատմեց որդու մասին, ասաց, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվել է, որդին՝ Գևորգը, գնացել է զինկոմիսարիատ կամավորագրվելու, բայց նրան մերժել են, քանի որ նոր էր վերադարձել բանակից. այդ տարվա օգոստոսի 13-ին՝ ավագ լեյտենանտի կոչումով։
Սեպտեմբերի 28-ին որդին ջոկատ է կազմել ԵՊՀ-ում ու մեկնել Մատաղիս։
«Վերադարձել է պատերազմից հոկտեմբերի 13-ին, քանի որ ամբողջ խումբը հիվանդացել էր թոքաբորբով։ Երկրորդ անգամ տղաս տաքսիով մեկնել է ռազմաճակատ։ Ինչու եմ շեշտում երկրորդ անգամ, որովհետև տղաս իմացել է՝ ուր է գնում, տեսել է պատերազմն իր աչքերով։ Մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, վիրավորվել է երեք անգամ: Առաջին անգամ, երբ վիրավորվել է, ինքն իրեն ցավազրկել է, որպեսզի կարողանա իր զինվորների հետ կատարի ռազմական առաջադրանքը։ Ականատես ընկերներն ասում են, որ կանգնած վիճակում փաթաթվել է խաչքարին ու այդպես ստացել երկրորդ, երրորդ վիրավորումները։ Երբ կատարված է եղել ռազմական առաջադրանքը, նոր թույլ է տվել իրեն տեղափոխեն հիվանդանոց, որտեղ էլ անմահացել է»,- ասել էր Նաիրա Հովսեփյանը։
Այդ օրը Նաիրա Հովսեփյանը նաև հետևյալ խոսքերն ասաց.
«Ուզում եմ՝ մեր երկիրն ազատվի կոռուպցիայից։ Կոռուպցիան հրեշ է, ախտ է։ Կոռուպցիա բառը լատիներեն նշանակում է փչացած, այլասերված։
Պատերազմի պարտության պատճառը կոռուպցիան էր։ Իմ կյանքի իմաստը ես տեսնում եմ այն հայրենիքի զարգացման մեջ, որ երազել է իմ որդին, որի համար կյանքն են տվել որդիս ու նրա ընկերները։ Դրա համար ես դիմել եմ, որպեսզի դառնամ այդ դատարանի դատավոր… Բացի այդ՝ մարդիկ հավատում են ինձ։ Ինձ հավատում են մայրերը, ինձ հավատում են զինվորները, մեր տղաների ընտանիքները, ինձանից նաև իմ որդին է պահանջում, որ ես այդ բարդ ու ծանր աշխատանքը պիտի կատարեմ ու ապրեմ այն հայրենիքում, որը երազում էր իմ որդին»։
Նաիրա Հովսեփյանը չդարձավ Վճռաբեկ դատարանի դատավոր, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցությունը իր թեկնածուն ուներ՝ ֆրակցիայի նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը:
Սակայն ՔՊ-ն չնեղացրեց Նաիրա Հովսեփյանին՝ վերջինիս դարձնելով ԲԴԽ անդամ: Ի դեպ, բավականին հետաքրքիր հարցեր է տալիս կարգապահական վարույթների ժամանակ դատավորներին: Օրինակ, Արթուր Ստեփանյանին Նաիրա Հովսեփյանը հարցրեց, թե երբ նա ուսանող էր, իսկ Կարեն Անդրեասյանն էլ իր դասախոսն էր, քննությունից ի՞նչ գնահատական է նշանակել նրան:
Դատավորն անակնկալի եկավ. հավանաբար չէր սպասում այդքան «բարդ» հարցի…
Ինչևէ, սա ուղղակի, իմիջիայլոց հիշեցինք….
Այսօր Նաիրա Հովսեփյանն Աննա Հակոբյանին թևանցուկ արած՝ շրջում էր որդու անունը կրող դպրոցով:
Այսօր Նաիրա Հովսեփյանը մտերմիկ զրուցում է Աննա Հակոբյանի հետ՝ ջերմ ժպտալով:
Գևորգ Արշակյանն իր կյանքն ի սպաս դրեց Արցախի զոհասեղանին:
Այսօր Արցախն արդեն 12-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանական տոտալ շրջափակման մեջ:
Այսօր 120 000 արցախցի չգիտի՝ վաղն իր հետ ինչ կլինի…
Այսօր 120 000 արցախցի զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի մատակարարումից, 30 000 երեխա կարող է քաղցել ու սառչել, չկա մանկական կեր…
Այսօր Գևորգ Արշակյանի մայրը… Դեռ մի կողմ թողնենք ԲԴԽ անդամի ջերմ հարաբերությունները քաղաքական վերնախավի հետ…
Լույս իջնի շիրիմիդ, Գևորգ Արշակյան… Ազատագրված Արցախ լինելու է… Դու հանուն ոչնչի չես զոհվել, քո արյամբ Արցախի հողն է ապրում…