Բաժիններ՝

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի

Մի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ:

Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի հատկացրած միջոցներով: Կնորոգվեն նաև եկեղեցու շքամուտքերը, քիվերը և ուշ շրջանում իրականացված ոչ պատշաճ միջամտությունները:

Մասնագետներն այցելել են նաև Նորատուս գյուղում գտնվող Յոթ աղբյուր ամրոց, նույնանուն գյուղատեղի, եկեղեցի և գերեզմանոց:

Քննարկվել են տարածքում հնագիտական պեղումների հնարավորությունը և համապատասխան ծրագրի կազմման անհրաժեշտությունը: Մոնիթորինգային այցն իրականացրել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս