
Վրաերթ Երևանում. հետիոտնի համար տեղադրված լուսակիրներից մեկը չի աշխատել

Այսօր՝ մայիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Կ.-ն «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռիմա Ս.-ին»,- գրում է կայքը:
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
«Վրաերթի հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ հետիոտնի համար տեղադրված լուսակիրներից մեկը չի աշխատում, ինչպես նաև խոտանված է աշխատում Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկը կարգավորող լուսակիրը»,- մանրամասնում է կայքը:
Հավելենք, որ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: