
Մարմարիկում երկու տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին, ժամը 11:52-ին, նույն պահից էլ մեկնարկել են որոնողական աշխատանքները:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։