Դոնալդ Թրամփն ու Հայաստանի անվտանգության ալգորիթմը

Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքումից հետո, որն ԱՄՆ-ի համար ապահովում է այդ երկրում հազվագյուտ հանածոների պաշարների հասանելիություն ու շահագործման իրավունք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը կապահովի այն գոտիների անվտանգությունը, որտեղ ԱՄՆ-ը ձեռք է բերել մասնակցության և ներդրումների իրավունք:

Սա լոկ մամուլի համար արված հայտարարություն չէ: Թրամփի այս հայտարարությունն արտացոլում է համաշխարհային հարաբերությունների և միջազգային անվտանգության նոր ալգորիթմը՝ ռեսուրսներ+անվտանգություն:

Ուկրաինայի հետ համաձայնագիրն այդ իմաստով նույնիսկ «քրիստոմատիական» նշանակություն է ստանում: Հենց այդ համաձայնագրի պատճառով էր, որ Զելենսկին Սպիտակ տանը հայտնվեց սկանդալի կենտրոնում: Նա մեկնել էր համաձայնագրի ստորագրման՝ ամիսներ առաջ, սակայն պահանջում էր անվտանգության երաշխիքներ: Իսկ նրան ըստ էության հնարավորինս պարզ քաղաքական լեզվով բացատրում էին, որ ներդրումային փոխգործակցությունն է անվտանգության երաշխիքը: Զելենսկին կա՛մ չէր հասկանում, կա՛մ չէր ուզում հասկանալ, կա՛մ անվտանգության երաշխիք ասելով՝ նկատի ուներ ոչ թե Ուկրաինան, այլ իրեն ու իր շրջապատն անձնապես:

Ի վերջո, ԱՄՆ կոշտ զգուշացումների քաղաքականությունը բերեց նրան, որ համաձայնագիրը ստորագրվեց, որից հետո Թրամփն ավելի բաց տեքստով ներկայացրեց անվտանգության ալգորիթմը:

Կարդացեք նաև

Ըստ էության, հենց այդ տրամաբանությամբ է ծավալվում Թրամփ-Պուտին երկխոսությունը կամ գործարքի տանող գործընթացը: Հիմքում դարձյալ տնտեսական հարաբերությունների մեխանիկան է, ինչի վկայությունն այն է, որ Պուտինն ԱՄՆ-ի հետ քննարկումների հատուկ ներկայացուցիչ է նշանակել Կիրիլ Դմիտրիևին՝ ուղիղ ներդրումների հիմնադրամի նախագահին:

Ժամանակակից աշխարհում, տեխնոլոգիական արագընթացության պայմաններում, օգտակար հանածոները ստանում են առանձնահատուկ թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգային նշանակություն: Տեխնոլոգիական արդյունաբերությունը՝ տարբեր բնագավառների համար, չի կարող գոյություն ունենալ առանց հանքարդյունաբերական համալիրի:

Հայաստանում անկախությունից ի վեր տարբեր առիթներով և տարբեր «դեցիբելներով» հաճախ է հնչել դժգոհություն, ափսոսանք, տրտունջ, որ մենք չունենք նավթ ու գազ, իսկ Ադրբեջանը՝ ունի:

Մինչդեռ, նավթ ու գազ չունեցող Հայաստանն ունի այն, ինչն առավել պահանջված է դառնում ժամանակի ընթացքում: Գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանն ունի այդ ռեսուրսը՝ բոլոր իմաստներով արդյունավետ օգտագործելու, և առաջին հերթին՝ դրա շուրջ ներդրումային փոխշահավետ գործընկերային միջավայր կառուցելու կամք և խորատեսություն:

Համաշխարհային տնտեսության համար ավելի ու ավելի պահանջված դարձող ռեսուրսներ ունենալով, պետք է կարողանալ աշխատել խոշոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բևեռների հետ, Հայաստանի տնտեսություն ներդրումներ ներգրավելու համար: Դա կբերի նաև անվտանգության երաշխիքների, ի տարբերություն այն պարզունակ պատկերացումների, թե որևէ մեկը հյուսիսում, հարավում, արևելքում կամ արևմուտքում պետք է լինի Հայաստանի անվտանգության ավելի ազնիվ և բարեխիղճ երաշխավոր:

Մինչդեռ Ուկրաինայի դառը դասն այն մասին է, որ պետք է կարողանալ ունեցած տնտեսական ռեսուրսներն աշխարհաքաղաքականության ռեսուրսի վերածել մինչև դրանց «ռազմավար» դառնալը, որպեսզի այդ ռեսուրսն աշխատի փոխադարձ շահավետությամբ և ապահովի թե՛ տնտեսական կենսունակություն, թե՛ քաղաքական սուբյեկտություն ու անվտանգություն:

Ցավոք, Հայաստանում անվտանգության և աշխարհաքաղաքականության վերաբերյալ «դիսկուրսում» գերակշռողն «ազնիվ և բարի երաշխավորի» փնտրտուքն է, իսկ այդ ամենում աշխարհտնտեսականության կարևոր բաղադրիչի վերաբերյալ դատողությունները լավագույն դեպքում հանգում են «տրանզիտային» բաղադրիչին: Այն, իհարկե, շատ կարևոր է, բայց որևէ պետության խորքային զարգացման միջոցը տրանզիտային էֆեկտը չէ, այլ արդյունաբերական ներդրումային պորտֆելի մասշտաբը, նաև դրա աշխարհաքաղաքական բազմազանությունը:

Հայաստանում 2025 թվականի առաջին եռամսյակին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արձանագրվել է արդյունաբերության մոտ 20  տոկոս նվազում, արտահանման ցուցանիշի մոտ 60 տոկոս անկում: Սրանք պետության կարողունակության էական ցուցիչներ են, որոնց բարելավումն ուղիղ կապ ունի արտաքին ներդրումների ներգրավման հետ:

Ահա, թե ինչու՝ տնտեսությունն է աշխարհաքաղաքականության մասին խոսակցությունների գործնականության ցուցիչը, իսկ մնացյալը՝ բարի ցանկությունների կամ պատրանքների շարքից, որոնք ոչ միայն երբեք չեն վերածվում իրական անվտանգության, այլև նույնիսկ դառնում են վտանգավոր, որովհետև հանրային գիտակցությունը բերում են թմբիրի ռեժիմի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս