
Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ պետք է ծննդի նվերով նկարվի, որ հետագայում ապացուցի դրա օրինականությունը
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովի ժամանակ փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձավ հետադարձությանը, ժամկետներին և օրինական գույքը բռնագանձելու հարցերին։
Փաստաբանը նկատեց՝ երբ քննարկում ենք, թե արդյոք պե՞տք է ժամկետ լինի, որից հետո ապօրինի գույքը չենք կարող բռնագանձել, որևէ ողջամիտ մարդ չի ասելու՝ ապօրինի գույքը թող դառնա օրինական։
«Եթե «ապօրինի» բառի փոխարեն օգտագործենք այն տերմինը, որը գրված է օրենքի մեջ, այսինքն՝ արդյո՞ք պետք է ժամկետ լինի, որից հետո պարտավոր չլինես փաստաթղթերով, կտրոններով ու մնացած այլ թղթերով ապացուցել քո մոտ առկա գույքի ձեռքբերման օրինականությունը, բոլորի մոտ հարց է առաջանում, որ՝ այո՛, ինչ-որ ժամկետ հետո պետք է խնդիր չլինի,- մանրամասնեց Արամ Օրբելյանը և հավելեց,- ՍԴ-ն 2021 թվականին հստակ արձանագրել է, որ վաղեմության ժամկետն արդար դատաքննության կարևոր տարր է»։
Այս համատեքստում նա նկատեց, որ 90-ականներին ոչ մի մարդ չէր կարող ենթադրել, որ պետք է պահի աշխատանքային, ծառայության բոլոր պայմանագրերը, փոխանցումները հավաստող կտրոնները, նվիրատվությունները պահել, որպեսզի հետագայում հնարավորություն ունենար ապացուցել գույքի ձեռքբերման օրինականությունը։
«Շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանում: Յուրաքանչյուր զավակ, որն իր ծնողից ստացել է նվեր, և ծնողն արդեն մահացել է, հիմա ստիպված չպետք է լինի ապացուցել, որ ծնողն օրինական եկամուտներով է ձեռք բերել բնակարան ու նվիրել իրեն:
Հետևաբար, հայցային վաղեմության հարցով հստակ է մոտեցումը, որ պետք է լինի 10 տարի, որովհետև Հայաստանն այդ մոդելն արդեն իսկ 2005թ․ ներդրել է,- ամփոփեց Արամ Օրբելյանը՝ հիշեցնելով, որ 2005-ից ՀՀ-ն միացել է ԵԽ-ի կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիային, որտեղ, ի դեպ, սահմանված է, որ վաղեմության ժամկետները պետք է լինեն համեմատաբար երկար՝ գործարքի պահից 10 տարի,- Տպավորություն է ստեղծվում, թե կոռուպցիայի դեմ պայքարը սկսվել է 2020 թվականին․ 2018, 2019 թվական էլ չէ, 2020թ․: Մինչև 2020 թվականը կոռուպցիան լավ բան էր, Հայաստանում բոլորին ասում էին՝ գնացեք-զբաղվեք կոռուպցիայով, և կոռուպցիայի դեմ պայքար տեղի չի ունեցել։ Իսկ իրականում ՀՀ-ն բավականին մեծ ծավալի հակակոռուպցիոն կոնվենցիաների է մասնակցել, օրենսդրություն է նախատեսել, հայտարարագրման տարբեր մեթոդներ է ներդրել»։
Մանրամասները՝ տեսանյութում