Մեզ անհանգստացնող գլխի վնասվածք ունի Չախոյանը, որը դինամիկ հսկողության կարիք ունի. հետազոտող բժիշկ

Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի և նրա ենթակաների կողմից ծեծի ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել, ստացիոնար բուժում է անհրաժեշտ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չախոյանն այսօր գնացել էր թաղապետարան` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար պատասխան պահանջելու վարչական ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։ Ակտիվիստն այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։

«Մեզ մոտ տեղափոխված 37-ամյա տղամարդը հետազոտվում է։ Այս պահին նա անհետաձգելի բուժման ընդունարանում է։ Կան որոշակի մարմնական վնասվածքներ` աչքի շրջանում փոքր հեմատոմա, սալջարդեր, ինչպես նաև մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Հետագա դինամիկ հսկողության և վիճակն ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում»,– ասաց Մանուկյանը։

Չախոյանը համաձայնել է մնալ հիվանդանոցում և ստացիոնար բուժում ստանալ։ Նա կտեղափոխվի նյարդավիրաբուժական բաժանմունք։ Առնվազն 24-ժամյա հսկողությունից հետո, երբ համակարգչային շերտագրությունի արվի, կկարողանան հստակ ասել` ուղեղի ցնցում կա, թե ոչ։

Նրա փաստաբան Վահե Եփրիկյանն էլ լրագրողներին հայտնեց, որ բժիշկներն ասել են` կյանքին սպառնացող վտանգ չկա, բայց հոսպիտալացումը պարտադիր է։ Նրա խոսքով` այս պահին տեղաշարժվելու խնդիր կա, դեռևս խորհուրդ չի տրվում քայլել։

«Չախոյանն այժմ ձերբակալվածի կարգավիճակ ունի։ Որ պալատում լինի, այդ սենյակի մոտ էլ ոստիկանության աշխատողը հսկողություն կիրականացնի։ Անձամբ ես համոզմունք ունեմ, որ այս ապօրինությունն առնվազն այս փուլում պետք է դադարեցվի»,– նշեց Եփրիկյանը։

Ըստ փաստաբանի` իրավական առումով տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, այդ թվում` ծանրացնող հանգամանքներում, քանի որ այդ ամենը կատարվել է անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ։ Այս ամենի հետ մեկտեղ այդ խուլիգանությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից։

«Ինձ հասած տեղեկություններով` թաղապետն ազատության մեջ է, ու ձերբակալված 6 անձանց մեջ նա չկա։ Ինձ համար անհասկանալի է` ոնց են «քասթինգ» արել ու որոշել` ում պետք է ձերբակալեն։ Եթե քասթինգ է, ապա սա հերթական քաղաքական հետապնդումն է Չախոյանի նկատմամբ, իսկ հովանավորչության առումով էլ հերթական պետական պատվերն է թաղապետի առումով»,– ասաց Եփրիկյանը։

Նա շեշտեց` Արթուր Չախոյանի ծեծվելու, վնասվածքներ ստանալու և խուլիգանության վերաբերյալ հաղորդում ներկայացրել է ոստիկանություն ու անպայման հետամուտ է լինելու հետագա զարգացումներին։ Միաժամանակ պաշտպանական կողմը բողոքարկելու է ակտիվիստի ձերբակալությունը։

Տեսանյութեր

Լրահոս