
Հարվարդի համալսարանը Թրամփի վարչակազմի դեմ հայց է ներկայացրել դատարան

Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել դատարան Թրամփի վարչակազմի դեմ, որը սառեցրել է համալսարանի ավելի քան 2 միլիարդ դոլար պետական ֆինանսավորումը։ Համալսարանը անօրինական է համարում Սպիտակ տան՝ համալսարանին դաշնային դրամաշնորհից զրկելու փորձը։
Համալսարանը այդ որոշումը անվանում է «անօրինական, կառավարության լիազորություններից դուրս», և Թրամփի վարչակազմին մեղադրում է Սահմանադրության առաջին ուղղումը, դաշնային օրենքները խախտելու մեջ։ Համալսարանը հայցով խնդրում է թույլ չտալ, որ պետական ֆինանսավորման սառեցման որոշումն ուժի մեջ մտնի և զգուշացնում է, որ պետական ֆինանսավորման կորուստը բացասաբար կանդրադառնա բժշկական հետազոտությունների և նոր դեղամիջոցների մշակման վրա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համալսարանը նամակ էր ստացել Սպիտակ տան վարչակազմից, որտեղ լրացուցիչ պահանջներ էին ներկայացված, այդ թվում՝ փոփոխություններ իր կառավարման ձևում, աշխատանքի ընդունման գործելակերպում, ընդունելության ընթացակարգում, հավասարության, բազմազանության և ներառականության ծրագրերում։ Համալսարանը մերժել էր այս պահանջները։
Իսկ ավելի ուշ The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը կրճատել ևս 1 միլիարդ դոլարով՝ ուսումնական հաստատության կողմից իր քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելուց հրաժարվելու պատճառով:
The New York Times թերթը նշում է, որ հայցում որպես պատասխանող կողմ նշված են ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմեոնը, արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Փեմ Բոնդին, առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի Կրտսերը և մի շարք այլ պաշտոնյաներ: