Զբոսաշրջության դերը տնտեսության մեջ բարձրացնելու նպատակով Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլար

Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհուրդն ապրիլի 18-ին հաստատել է 100 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր, որի նպատակն է բարելավել դիմակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և բարձրացնել զբոսաշրջության դերը Հայաստանի տնտեսության մեջ։

Ինչպես տեղեկանում ենք Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրությունից, ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, կներգրավի մասնավոր ներդրումներ և օգուտներ կբերի առաջնահերթության կարգով ընտրված յոթ համայնքների բնակիչներին և այցելուներին։Նշվում է, որ Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների բարելավման ծրագիրը նպատակ ունի հասցեագրել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում առկա հիմնական սահմանափակումները:

Ակնկալվում է, որ ծրագիրն ամեն տարի կունենա ավելի քան 1 միլիոն շահառու՝ ներառյալ բնակիչներն ու այցելուները՝ շնորհիվ բարելավված ճանապարհների և քաղաքային ենթակառուցվածքի ընդլայնված հասանելիության, ինչպես նաև ընտրված վայրերում առավել զարգացած զբոսաշրջային փորձառության։

Շրագիրը կօգնի առավելագույնի հասցնել մայրաքաղաքից դուրս գտնվող զբոսաշրջային գոտիների տնտեսական և աշխատատեղերի ստեղծման ներուժը: Սա հնարավոր  կլինի իրականություն դարձնել՝ խթանելով զբոսաշրջային այնպիսի փորձառություններ, որոնք ավելի կայուն և երկարաժամկետ եկամուտներ են ապահովում,  ինչպես նաև զբոսաշրջության արժեշղթայում բիզնեսի և մասնագիտական ​​հմտությունների կատարելագործման միջոցով։

Այս ջանքերը կնպաստեն նաև բնակիչների կյանքի որակի բարձրացմանը և թիրախային շրջաններում տնտեսական ակտիվության բարձրացմանը: 

«Բարելավելով  ենթակառուցվածքները և խրախուսելով կայուն զբոսաշրջությունը՝ այս ծրագիրը ոչ միայն հիմնական ուղղությունները կդարձնի ավելի գրավիչ, այլև կօգնի ստեղծել աշխատատեղեր և խթանել տեղական տնտեսական աճը:

Ծրագիրը համահունչ է Հայաստանի համար առաջիկա հինգ տարիների Համաշխարհային բանկի «Երկրի գործընկերության շրջանակին», որն ուղղված է արտահանման և բիզնեսի մրցունակության բարձրացմանը, մարդկանց կարողությունների և տնտեսությանը մասնակցելու հնարավորությունների ամրապնդմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ավելի լավ ու երկարաժամկետ կառավարման ապահովմանը», – ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Ծրագիրը նաև կուժեղացնի զբոսաշրջության ոլորտում ներգրավված հաստատությունների կարողությունները, կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունը և կթանի աղետների նկատմամբ դիմակայունությունը յոթ զբոսաշրջային գոտիներում՝ Արենիում, Դիլիջանում, Դվինում, Գորիսում, Գյումրիում, Ջերմուկում և Եղեգիսում։

Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին աղքատության կրճատման և ավելի բարեկեցիկ ու դիմակայուն ապագա ստեղծելու զարգացման ճանապարհին: 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել, այդ թվում մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը, ներառյալ ներդրումային վարկավորումը, դրամաշնորհների տրամադրումը, վերլուծական աշխատանքն ու տեխնիկական աջակցությունը:

Հայաստանն աջակցություն է ստացել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր երկիր դարձավ 2023 թվականին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։

Տեսանյութեր

Լրահոս