«Ունենք վստահություն, որ Սյունիքի՝ Մեղրիի բնակչությունը կասի՝ այո՛, պատրաստ ենք գնալ պարզեցումների». Նիկոլ Փաշինյան

«Երեկ իմ ելույթում այս թեմային մանրամասն անդրադարձ եմ, երեկվանից այսօր նոր բան չի ձևավորվել ասելու։ Այս տրամաբանությամբ էլ պետք է շարունակենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցները։

Հարցին՝ հույս ունի՞, որ պայմանագիրն այս տարի կստորագրվի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ խոսքը «հույսի կամ չհույսի մասին չէ», սա իրենց աշխատանքն է, որը մտադիր են հետևողականորեն կատարել։

«Էլի եմ ասում, դա մեր աշխատանքն է, մենք այդ աշխատանքը պետք է անենք հետևողականորեն։ Այսինքն՝ ոչ միայն միջազգային, այլև ներքին տրամաբանության մեջ այնպես չէ, որ ծրագրերը, որ մենք դնում ենք սեղանին՝ միանգամից ստացվում է։ Ծրագրերը ջանք, հետևողականություն են պահանջում, դա մեր աշխատանքն է, և մենք այս աշխատանքով պետք է զբաղվենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որևէ մեղմացման մասին խոսք լինել չի կարող, քանի որ իրենց տեսակետը «խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ ներկայացրել են գրավոր, այդ թվում՝ այն նպատակով, որպեսզի չլինեն ամենատարբեր մեկնաբանություններ։

Կարդացեք նաև

«Այդ նախագծի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք, դրա մասին է խոսքը»,- հավելեց նա։

Հաջորդ հարցին՝ հայկական կողմի գրավոր առաջարկներին Ադրբեջանը պատասխանե՞լ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ գրավոր առաջարկին գրավոր պատասխան չեն ստացել Ադրբեջանից։

«Կան այլևայլ մեկնաբանություններ, բայց ես կարծում եմ՝ պրոցեսը պետք է ճիշտ հասկանանք։ Այսինքն՝ ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ունի նրբություններ, և դրանց շուրջ պետք է աշխատել։ Հենց «խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ պատրաստ ենք պարզեցումների, ընթացակարգերի պարզեցումների՝ 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։

Փոխադարձությունն ինչի՞ համար է, հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որպեսզի երկաթուղային կապը բացենք, մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա, որտեղ և՛ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, և՛ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվեն բեռնափոխադրումներ։ Մենք պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ լուծմանը։ Նաև կարևոր է արձանագրել, որ երբ ասում ենք՝ պատրաստ ենք այդ լուծումներին, մենք մեզ հարց ենք, չէ՞, տալիս, թե մեր հանրությունն ինչպե՞ս կվերաբերվի այդ լուծումներին, որոնք մենք կառաջարկենք։ Եթե մենք այս վստահությամբ ասում ենք, դա նշանակում է, որ, էլի եմ ասում՝ դիվանագիտական նրբությունների պատճառով ամեն ինչ չենք կարող բացել, բայց եթե ասում ենք՝ պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ լուծմանը, նշանակում է, որ ունենք որոշակի վստահություն, որ նաև մեր հանրությունը, Մեղրիի խոշորացված համայնքի, Սյունիքի բնակչությունը կտեսնի ու կասի՝ շատ լավ, նորմալ կոմպրոմիս է»,- շեշտեց Ն. Փաշինյանը։

Խոսելով Ադրբեջանից հնչող հայտարարությունների մասին, որտեղ մշտապես  պնդում են անխոչընդոտ ճանապարհ ունենալու մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չգիտի, թե Ադրբեջանը դրա տակ ինչ է հասկանում, բայց հայկական կողմն ասում է իր սկզբունքները, և, որ այդ սկզբունքների շրջանակներում պատրաստ է գնալու պարզեցումների։

«Տեսեք, Ադրբեջանն ըստ էության ասում է, որ Հայաստանը քանի որ լուծումներ չի տալիս ու առաջարկում, դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվի Իրանի երթուղուց։ Սա նշանակում է, որ Իրանի երթուղին իրենց համար ընդունելի է, հակառակ դեպքում՝ չէին օգտվի դրանից։ Այդ համատեքստում, որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ասում են՝ պատրաստ ենք նույն պայմաններով ապահովել ՀՀ տարածքով, որպեսզի ի ցույց դնենք, թե այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմաններն Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել՝ իրականությանը չեն համապատասխանում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս