
Մալդիվներն արգելել են իսրայելցիների մուտքը երկիր

Մալդիվյան կղզիների իշխանություններն արգելել են իսրայելական անձնագրեր ունեցողների մուտքը երկիր՝ Իսրայելին մեղադրելով Գազայում պատերազմի ժամանակ պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Մալդիվյան Հանրապետության նախագահ Մոհամեդ Մուիզզուն վավերացրել է երկրի ներգաղթի մասին օրենքում փոփոխությունն այն բանից հետո, երբ այն ընդունվել է խորհրդարանի կողմից, ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։
Փոփոխությամբ նոր դրույթ է մտցվում ներգաղթի մասին օրենքում, որն ուղղակիորեն արգելում է իսրայելական անձնագրեր ունեցող այցելուների մուտքը Մալդիվներ։
«Վավերացումն արտացոլում է կառավարության կոշտ դիրքորոշումն՝ ի պատասխան Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի կողմից իրականացվող շարունակական վայրագությունների և շարունակվող ցեղասպանության գործողությունների», – ասվում է հայտարարության մեջ։
Մալդիվների Հանրապետությունը կղզի պետություն է, որը գտնվում է Հնդկական օվկիանոսի մի խումբ ատոլների վրա՝ Հինդուստան թերակղզուց դեպի հարավ։ Երկրի պետական կրոնն իսլամն է։