
Իրանի արտգործնախարարը բացահայտել է Ալի Խամենեիից Պուտինին ուղղված ուղերձի բովանդակությունը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված է աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ինչպես նաև Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների զարգացմանը։
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին Ռուսաստան ժամանելուց հետո լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այս ուղերձն անդրադառնում է աշխարհում տեղի ունեցող վերջին կարևոր իրադարձություններին, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին»,- նշել է նա՝ պատասխանելով ուղերձի բովանդակությանը վերաբերող հարցին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։
Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ իր այցի հիմնական նպատակն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձի փոխանցումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: