
Կապրիզ չենք անում,էդ հողի համար վճարել ենք. նույնն է,որ բնակարանը գնենք, հետո ասեն՝ խոհանոցը քոնը չէ. Միկոյան 64-ի բնակիչ
Այսօր Անաստաս Միկոյան 64 հասցեի նորակառույցի բնակիչները քաղաքապետարանում էին․ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անմիջապես հանդիպել քաղաքապետին, ներկայացնել իրենց պահանջը։
Կառուցապատողից դժգոհ քաղաքացիները հանդիպման ավարտից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին։
«Մեր հիմնական պահանջները ներկայացրել ենք քաղաքապետին․ այն է՝ գնման իրավունքով մեզ ապագայում պատկանելիք 3,37 հա հողամասը պետք է ապահովվի։ Այսինքն՝ այն 4000 քառակուսի մետր հողամասը, որը կառուցապատող ընկերությունն առանձնացրել է, առանձին հասցե է տրվել, պայմանավորվել ենք, որ այն պետք է վերադարձվի Անաստաս Միկոյան 64 հասցեի տակ։ Եթե այն հետ չգա, շահագործման թույլտվության օրինական ճանապարհով ստացումը դառնում է անհնարին, որովհետև դա էականորեն շեղում է, ու համաձայն Կառավարության սահմանած կարգի՝ այդ պարագայում շահագործման թույլտվություն չի կարող տրամադրվել»,- պատմեց բնակիչներից Հայկ Սմբատյանը՝ տեղեկացնելով, որ հանդիպմանը ներկա էր քաղաքապետը, կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, պատկան ստորաբաժանումների մասնագետներ։
Հիշեցնենք՝ 6 շենքից բաղկացած՝ Դավթաշենի ավելի քան 1000 բնակարան ունեցող նորակառույց համալիրը քաղաքապետարանից ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացել է: Բնակիչները կասկածներ ունեն, որ դա կեղծ սնանկություն է, և, որ կառուցապատող N&S Construction-ը հովանավորներ ունի բարձր օղակներում:
Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներն օրերս փակել էին Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին: Բնակիչները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում էր․
«Մենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչներս, ապրիլի 14-ին ժամը 08:00-ից փակել ենք Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝ մեր բողոքի և անհամաձայնության ձայնը բարձրացնելու մեզ հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող-բանկ-քաղաքապետարան-դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:
Մեր պահանջները պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններից
Նախագծային փաստաթղթերով հաստատված և մեր գնման իրավունքներով սահմանված 3.37055 հա հողամասի նկատմամբ մեր ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ապահովում,
այս հողամասից 0.4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական և գործարքի չեղարկում,
բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին և գնման պայմանագրերի կետերին համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում,
3-րդ անձանց իրավունքներից ազատ գույքի փոխանցում գնորդներին,
գնման պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքի համար գնորդների կողմից որևէ լրացուցիչ գումարներ վճարելու բացառման երաշխավորում գրավառու Ամիօբանկ ՓԲԸ-ի կողմից,
Անօրինական ճանապարհով կառուցապատող-նոտար հանցավոր գործողությունների արդյունքում կանխիկ եղանակով գնման իրավունք ձեռք բերած գնորդների համար արդարացի լուծում՝ առանց լրացուցիչ գումարներ պահանջելու սեփականության իրավունքի փոխանցում,
շահագործման թույտվության հետ կապված կիսատ աշխատանքների իրականացման և շահագործման թույլտվության տրամադրման հստակ երաշխիքներ՝ գնորդների համար առանց լրացուցիչ ֆինանսական բեռի առաջացման,
հստակ և անաչառ հետաքննություն և իրավական գնահատական կատարված ապօրինությունների վերաբերյալ և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկում՝ ապօրինությունները կատարած անձանց նկատմամբ,
հաստատված նախագծի` ապագայում որևէ էական փոփոխության բացառում,
մեր օրինակի հիման վրա այնպիսի իրավական և գերատեսչական ակտերի սահմանում, որոնց շնորհիվ կբացառվի համանման խնդիրների առաջացումը Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների համար։
Սիրելի համաքաղաքացինե՛ր, ներողություն ենք խնդրում Եղվարդի խճուղու փակվելու հետևանքով պատճառվող անհարմարության համար։ Մենք՝ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներս, գիտակցում ենք, որ մեր գործողությունների արդյունքում դուք գուցե այսօր ուշացաք աշխատանքից, բժշկի այցելությունից կամ այլ հրատապ գործերից, խաթարվեց ձեր երեխաների կրթական պրոցեսը, դուք ժամանակին չհասաք ձեր տարեց ծնողներին։ Սակայն ցանկանում ենք, որ դուք իմանաք, որ մենք հարգում ենք համակեցության կանոնները և այսօրվա և գուցե առաջիկա մի քանի օրերի ճանապարհների փակումը հարկադրված քայլ է, որին մենք եկել ենք այլ՝ օրենսդրական, բանակցային, քաղաքացիական բողոքի բոլոր առկա գործիքակազմերը սպառելուց հետո։ Մենք, որպես մեր հանրության մի մասը, ցանկանում ենք, որ մեր երեխաները ապրեն արդար, մաքուր և ապահով միջավայրում, որտեղ հարգվում է քաղաքացիների սեփականության իրավունքը և տեղ չունի կոռուպցիան, անարդարությունը, զոռբայությունն ու անտարբերությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում