
«Ձեռ եք առնո՞ւմ. մեզանից ի՞նչ եք ուզում. ինչքա՞ն կարելի է ասել՝ Ղարաբաղը հանձնեցին». Արարատ Միրզոյան
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն արտգործնախարար Արարատ Միրզոյանին խնդրեց արձագանքել վերջին օրերին աղմուկ բարձրացրած հայտարարությանը։ Մանրամասնելով՝ պատգամավորը հիշեցրեց, որ շուրջ 10 օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանը փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել Արցախի ճակատագիրը, ի պատասխան լրատվամիջոցների հարցերին, ԱԳՆ-ն հարցին անդրադարձել էր, որի բովանդակությունն ըստ ՔՊ-ական պատգամավորի, իհարկե, աղավաղվեց,
«Արդյունքում ձեզ մեղադրեցին հարցն օրակարգից հանելու, խնդիրը Լեռնային Ղարաբաղի վրա բարդելու մեջ։ Խնդրում եմ Ձեր արձագանքն այս ամենին»,- նշեց Հասմիկ Հակոբյանը։
Պատասխանելով՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ սա այն վառ օրինակներից է, թե ինչպես կարող է խոսքն աղավաղվել և ներկայացվել տրամագծորեն հակառակ լույսի ներքո։
«Ի պատասխան լրատվամիջոցի, եթե չեմ սխալվում, «Ազատությունն» էր, թե որքանո՞վ է ճիշտ Ալիևի ասածը, մենք պատասխանել էինք, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում մենք փորձում ենք հասցեագրել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցերը, այդ թվում՝ ուղիղ խոսակցություն նրանց միջև՝ միջազգային մեխանիզմների ստեղծման ճանապարհով։ Այդ թվում՝ ջանքեր գործադրվեցին Սոֆիայում հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Մենք վստահ ենք, որ այդ մեխանիզմի պարագայում հնարավոր կլիներ որոշակի հարցեր լուծել։ Ըստ էության սա է եղել մեր պատասխանը։
Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո, այդ օրակարգը չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չկա, մարդ չի ապրում, որոնց իրավունքների մասին խոսենք»,- նշեց Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ սա է եղել ԱԳՆ-ի արձագանքը։
Շարունակելով՝ Միրզոյանն ասաց, որ արդյունքում ստացվեց, որ «նրանց տիրապետության տակ եղած աֆիլացված մեդիառեսուրսների միջոցով» սկսեցին ասել, թե ԱԳՆ-ն հարցն օրակարգից հանել է։
«Կրկնում եմ՝ այս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի։ Հիմա մեղադրել մեզ հարցն օրակարգից հանելու մեջ, այն պայմաններում, երբ մենք այս մասին խոսում էինք, երբ ասում էինք, որ նշաձողը պետք է իջեցնել, այդ դեպքում մենք կկարողանանք խոսակցություն ունենալ, մեզ մեղադրում էին դավաճանության, հողերը ծախելու մեջ։
Ասածս ի՞նչ է՝ իրենք որևէ կերպ հրաժարվում էին մասնակցել այդ խոսակցություններին, այդ թվում՝ այստեղ նստած մարդկանց դրդմամբ։ Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզանից ի՞նչ են ուզում, ձե՞ռ եք առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը վերջը լրջորեն պետք է տրվի՞, թե՞ չէ»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում