Սիրիայի նախագահն ԱՄԷ իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ աշ-Շարաան և նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնել են Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նրանց Աբու Դաբիի ալ-Շատի պալատում ընդունել է ԱՄԷ նախագահ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ-Նահյանը։ Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շայբանին X-ի իր էջում հաստատել է, որ Սիրայի նախագահ Ահմադ աշ-Շարաայի գլխավորած սիրիական պատվիրակության այցն ԱՄԷ նշանակալի ձեռքբերումների է հասել՝ դրանք որակելով «հիանալի»:

«Նախագահ Ահմեդ աշ-Շարաայի ջանքերի շնորհիվ այսօր ԱՄԷ-ում մեծ ձեռքբերումներ են գրանցվել, մասնավորապես ներդրումների, օդային հաղորդակցության վերականգնման և բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում»,-նշել է նա:

Էմիրաթական WAM  գործակալության տեղեկություններով՝ ԱՄԷ նախագահը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը Սիրիայի անցումային գործընթացում մարտահրավերներին դիմակայելու և երկրի վերակառուցմանն օժանդակելու հարցում։ ԱՄԷ նախագահը կրկին շեշտել է իր երկրի հաստատուն դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում։

«Սիրիայի կայունությունն ու անվտանգության ամրապնդումը բխում է տարածաշրջանի շահերից, և ԱՄԷ-ն ջանք չի խնայի առաջիկայում հնարավորինս օգնություն ցուցաբերելու Սիրիային և եղբայրական ժողովրդին»,- նշել է նա։

Սա Սիրիայի  նախագահ Ահմեդ աշ-Շարաայի առաջին այցն է ԱՄԷ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս